Թբիլիսիի բախումների հետևանքով 14 ոստիկան է տուժել
4 ՀՈԿ 2025 18:33

Թբիլիսիի բախումների հետևանքով 14 ոստիկան է տուժել
4 ՀՈԿ 2025 18:33
Վրաստանի ԱԳ նախարարն արդեն շնորհավորել է Թբիլիսիի գործող քաղաքապետին՝ հերթական անգամ վերընտրվելու առթիվ, իսկ քվեարկության արդյունքների դեմ բողոքի ալիքը դեռ նոր է թափ հավաքում: Թբիլիսիում շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։ Ըստ Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի՝ տուժել է 14 ոստիկան, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախազգուշացրել է, որ իշխանությունները խիստ միջոցներ են ձեռնարկելու նրանց նկատմամբ, ովքեր հարձակումներ են գործել իրավապահների վրա։
«ԵՄ դեսպանը պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար, քանի որ ԵՄ ներկայացուցիչներն աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Ցուցարարների մի մասը կազմակերպիչների կոչով Ռուսթավելի պողոտայից տեղափոխվել է Ատոնելի փողոց՝ նախագահական նստավայրի մոտակայք, որտեղ սկսվել են անկարգություններ։ Իրավապահները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարներին Օրբելիանի պալատից հետ մղելու համար։ Մերձակա փողոցներում ցուցարարները բարիկադներ են կառուցել՝ օգտագործելով ռեստորանների ու բարերի գույքը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ իրավիճակը մնում է լարված, կենտրոնական հատվածում տեղակայվել են լրացուցիչ ուժեր։ Բախումների հետևանքով տուժածներ կան նաև լրագրողների շրջանում։ Վրաստանի հանրային հեռարձակողն ու «Իմեդի» հեռուստաալիքը հաղորդում են, որ ցուցարարները հարձակվել են իրենց աշխատակիցների վրա և փորձել են աչքերին փչել անհայտ հեղուկ։
Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունները կեղծել են տեղական ընտրությունների արդյունքները, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընդդիմադիրների գործողությունները որակում է որպես իրավիճակի ապակայունացման փորձ։ Իրավիճակը Թբիլիսիում մնում է լարված: Հակառակ իշխանության նախազգուշացումներին ու բերման ենթարկվողների աճող թվին՝ ցուցարարները չեն ցրվում: Սպասվում է, որ երեկոյան նրանք կրկին կկենտրոնանան Ռուսթավելի պողոտայում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել