Ինչպե՞ս կարող են փոխանակվել անկլավները․ մանրամասները՝ Սարգիս Խանդանյանից
11 ՆՈՅ 2025 09:10

Ինչպե՞ս կարող են փոխանակվել անկլավները․ մանրամասները՝ Սարգիս Խանդանյանից
11 ՆՈՅ 2025 09:10
Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների հնարավոր փոխանակման ցանկացած սցենար պետք է դրվի հանրաքվեի, քանի որ նման որոշումը գերազանցում է կառավարության կամ խորհրդարանի լիազորությունները։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ մանրամասներ ներկայացնելով սահմանազատման գործընթացի և անկլավների հարցի վերաբերյալ։
Խանդանյանի խոսքով՝ նախ պետք է հաստատվեն երկու երկրների միջև սահմանազատման բոլոր արձանագրությունները, որից հետո կողմերը պետք է կնքեն համապատասխան պայմանագիր, որն էլ իր հերթին պետք է անցնի վավերացման գործընթաց։ Միայն այս քայլերից հետո կսկսվեն սահմանազատման բուն աշխատանքները, և դրանից հետո միայն Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն, թե ինչպես են անդրադառնալու անկլավների թեմային։
Պատգամավորը հստակեցրել է, որ տարածքների փոխանակման հարց այս պահին օրակարգում չկա և չի կարող լինել, քանի որ դրան նախորդում է անկլավների սահմանազատման բարդ գործընթացը։
«Այստեղ թաքցնելու որևէ թեմա չկա։ Տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, քանի որ նախ անկլավները պետք է սահմանազատվեն։ Թե երբ դա կլինի, հայտնի չէ։ Սահմանազատման գործընթացի ինչ-որ մի փուլում պետք է նաև անկլավների հարցը քննարկվի»,– նշել է Խանդանյանը։
Ամենակարևոր շեշտադրումը, սակայն, վերաբերում է հնարավոր տարածքային փոխանակումներին։ Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ եթե անգամ տեսականորեն կողմերը հանգեն նման որոշման, դրա վերջնական խոսքը պատկանելու է բացառապես Հայաստանի ժողովրդին։
«Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցով հանրաքվե պետք է տեղի ունենա», - եզրափակել է նա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել