Սպերցյանին մինչև 10 խաղով որակազրկում է սպառնում ռասիզմի մեղադրանքի պատճառով
6 ՀՈԿ 2025 05:25

Սպերցյանին մինչև 10 խաղով որակազրկում է սպառնում ռասիզմի մեղադրանքի պատճառով
6 ՀՈԿ 2025 05:25
Ռուսական ֆուտբոլում սկանդալ է հասունանում, որի կենտրոնում է հայտնվել «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Էդուարդ Սպերցյանը։ Գրոզնիի «Ախմատ» ակումբի սենեգալցի պաշտպան Ուսման Նդոնգը հայազգի ֆուտբոլիստին մեղադրել է ռասիստական բնույթի վիրավորանք հասցնելու մեջ՝ ստեղծելով լարված իրավիճակ, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Սպերցյանի կարիերայի համար։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած «Կրասնոդար» - «Ախմատ» հանդիպման ժամանակ, որն ավարտվել է կրասնոդարցիների հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Խաղի ընթացքում Նդոնգը, ագրեսիվ պահվածքի համար, հեռացվել է խաղադաշտից։ Հանդիպումից հետո, սակայն, նա հայտարարել է, թե իր պահվածքը պայմանավորված է եղել Սպերցյանի կողմից հնչեցված ռասիստական վիրավորանքով։
Էդուարդ Սպերցյանը կտրականապես հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ դրանք որակելով անհիմն և սադրիչ։ Իր պաշտոնական հայտարարության մեջ նա նշել է, որ պատրաստ է ամեն ինչի՝ իր անմեղությունն ապացուցելու համար։ «Պատրաստ եմ իմ իրավացիությունն ապացուցել ցանկացած եղանակով՝ դիտեք տեսախցիկները, կարդացեք շուրթերով, անցկացրեք ստի դետեկտորով՝ խնդիր չկա։ Ես վստահ եմ իմ և իմ ասած խոսքերի վրա», - հայտարարել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը։
Սպերցյանը կատարվածը կոչել է «կրկես»՝ ընդգծելով, որ իր դաստիարակությունը երբեք թույլ չէր տա նման արտահայտություններ անել որևէ մեկի հասցեին։
Իրավիճակն արդեն դուրս է եկել ֆուտբոլային դաշտի սահմաններից։ «Ախմատ» ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի ֆուտբոլային միությանը (ՌՖՄ)՝ պահանջելով խստորեն պատժել Էդուարդ Սպերցյանին և չեղարկել Ուսման Նդոնգի կարմիր քարտը։ Ռուսական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հայտնել է, որ միջադեպը կքննվի ՌՖՄ-ի կողմից, և կկայացվի համապատասխան որոշում։ Եթե, այնուամենայնիվ, Սպերցյանի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է լուրջ պատժամիջոց՝ մինչև 10 խաղով որակազրկում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել