Ադրբեջանական SOCAR-ը և թուրքական Cengiz-ը գործարան են գնելու Բուլղարիայում
20 ՕԳՍ 2025 11:47

Ադրբեջանական SOCAR-ը և թուրքական Cengiz-ը գործարան են գնելու Բուլղարիայում
20 ՕԳՍ 2025 11:47
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, Թուրքիայի Cengiz հոլդինգի հետ համատեղ ստեղծում է կոնսորցիում՝ Բուլղարիայի Բուրգաս քաղաքում գտնվող «Լուկօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի գնման շուրջ բանակցություններ վարելու համար:
Այս դաշինքի հաջողության հնարավորությունները, որը Բուլղարիայում և Թուրքիայում ունի հզոր լոբբիստական ռեսուրսներ, բավականին մեծ են: Այնուամենայնիվ, վերջնական որոշումը մնում է «Լուկօյլ» ընկերության ղեկավարությանը, որը 2022 թվականից ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Բուլղարիայում քաղաքական ճնշումների է ենթարկվում:
Հաշվի առնենք, որ Բուրգասի նավթավերամշակման գործարանով հետաքրքրված են նաև այլ խոշոր խաղացողներ, մասնավորապես՝ Ղազախստանի ազգային նավթային ընկերությունը՝ «ՂազՄունայԳազ»-ը, որը պատրաստ է ներդնել մոտ մեկ միլիարդ դոլար, միջազգային նավթային առևտրական Vitol-ը, թուրքական Oyak կենսաթոշակային հիմնադրամը, հունգարական MOL-ը:
Այնուամենայնիվ, Սոֆիայում հենց SOCAR-ի և Cengiz-ի դաշինքն են համարում բանակցությունների ֆավորիտ: Ինչպես հայտնի է, SOCAR-ը մեկուկես տարուց ավելի ընդգրկված է եղել հավակնորդների թվում, իսկ նրա գործընկերությունը Cengiz-ի՝ Թուրքիայի առաջատար շինարարական և էներգետիկ հոլդինգներից մեկի հետ, զգալիորեն ամրապնդել է ադրբեջանական պետական ընկերության դիրքերը:
Զարգացումներն արագացել են ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր պատժամիջոցների ռիսկերի պատճառով, որոնք կարող են կիրառվել ոչ միայն «Լուկօյլ»-ի ղեկավարների, այլև ընկերության նկատմամբ:
Մինչ այժմ այդ ընկերությունը հետաձգում էր Բուրգասում իր ակտիվի վաճառքը՝ հաշվի առնելով, որ 2025 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել: Սակայն ամերիկյան սահմանափակումների սպառնալիքը ստիպել է ռուսական ընկերությանը արագացնել գործարքը:
Այս գործարանը «Լուկօյլ»-ի ամենամեծ նավթավերամշակման ակտիվն է Բուլղարիայում: Այն առաջատար է երկրում նաև վառելիքի մեծածախ և մանրածախ առևտրի ծավալներով, ուստի նրա ձեռքբերումը ռազմավարական բնույթ է կրում:
SOCAR-ի և Cengiz-ի համար Բուրգասում հաջողությունը կդառնա Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ ներկայության ամրապնդում Եվրոպայում: Այս պահին դրան խանգարող հանգամանքներից ոչ ամենափոքրը ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջացած ու դեռ չանցնող լարվածությունն է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել