Պատմական այց․ 60 տարվա դադարից հետո Սիրիայի նախագահը ժամանել է Նյու Յորք
22 ՍԵՊ 2025 05:32

Պատմական այց․ 60 տարվա դադարից հետո Սիրիայի նախագահը ժամանել է Նյու Յորք
22 ՍԵՊ 2025 05:32
Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան սեպտեմբերի 21-ին ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին։ Սա վերջին գրեթե վեց տասնամյակի ընթացքում Սիրիայի ղեկավարի առաջին այցն է համաշխարհային այս կարևորագույն հարթակը։ Դա խորհրդանշում է ոչ այնքան Սիրիայում, որքան Սիրիայի նկատմամբ ուժային կենտրոնների վերաբերմունքում արձանագրված փոփոխությունը։
Սիրիայի նախագահը վերջին անգամ Գլխավոր ասամբլեային մասնակցել էր 1967 թվականին՝ Ասադների ընտանեկան դինաստիայի 50-ամյա կառավարումից առաջ։ Այդ դինաստիայի իշխանությունն ավարտվեց 2024-ի դեկտեմբերին, երբ ալ-Շարաայի գլխավորած ապստամբական հարձակման արդյունքում տապալվեց նախագահ Բաշար Ասադը։ Ասադի անկումը նաև վերջ դրեց մոտ 14 տարի տևած քաղաքացիական պատերազմին։
Իշխանության գալուց ի վեր Ահմադ ալ-Շարաան ձգտում է վերականգնել հարաբերությունները արաբական երկրների և Արևմուտքի հետ, որտեղ պաշտոնյաներն ի սկզբանե զգուշավորությամբ էին վերաբերվում նրա՝ «Ալ-Քաիդա» զինյալ խմբավորման հետ ունեցած անցյալի կապերին։ Նրա նախկինում գլխավորած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ապստամբական խմբավորումը Միացյալ Նահանգների կողմից նախկինում ճանաչվել էր ահաբեկչական կառույց։
Ալ-Շարաան որդեգրել է համակեցության քաղաքականություն և փորձում է վստահություն ներշնչել Սիրիայի փոքրամասնությունների համայնքներին։ Սակայն երկրի փխրուն վերականգնումը վտանգված է դավանանքային բռնությունների բռնկումներով։ Նոր կառավարության հետ կապված զինյալները մեղադրվել են դրուզ և ալավի կրոնական փոքրամասնությունների հարյուրավոր քաղաքացիական անձանց սպանության մեջ։
Ակնկալվում է, որ ալ-Շարաան իր այցը կօգտագործի՝ պահանջելու Սիրիայի դեմ պատժամիջոցների հետագա մեղմացում՝ պատերազմից ավերված տնտեսությունն ու ենթակառուցվածքները վերականգնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հանդիպել էր նրան Սաուդյան Արաբիայում և հայտարարել Ասադների օրոք սահմանված տասնամյակների պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին։ Սակայն ամենախիստ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Կոնգրեսի կողմից 2019 թվականին ընդունված «Կեսար» ակտով, վերջնական կարող են չեղարկվել միայն Կոնգրեսի քվեարկությամբ։
Այցի ընթացքում կարևոր թեմա կլինի նաև հարաբերությունները ԱՄՆ դաշնակից Իսրայելի հետ։ Ասադի անկումից հետո Իսրայելը կասկածանքով է վերաբերվում ալ-Շարաայի կառավարությանը։ Նա զավթել է Սիրիայի հարավում նախկինում ՄԱԿ-ի կողմից վերահսկվող բուֆերային գոտին և հարյուրավոր օդային հարվածներ է հասցրել սիրիական ռազմական օբյեկտներին։ Բանակցություններ են ընթանում անվտանգության համաձայնագրի շուրջ, որը, ըստ ալ-Շարաայի, կարող է հանգեցնել Սիրիայից իսրայելական ուժերի դուրսբերմանը։ Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը նվազեցրել է առաջընթացի հավանականությունը՝ նշելով, որ համաձայնագիրը «դեռևս ապագայի տեսլական է»։
Միևնույն ժամանակ, Սիրիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Ասադի անկումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 5-ին։ Պատգամավորները, սակայն, չեն ընտրվի ուղիղ ժողովրդական քվեարկությամբ, այլ՝ ընտրիչների կոլեգիայի համակարգով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել