Սիրիան և Իսրայելը Բաքվում անվտանգության հարցեր կքննարկեն
17 ՍԵՊ 2025 05:41

Սիրիան և Իսրայելը Բաքվում անվտանգության հարցեր կքննարկեն
17 ՍԵՊ 2025 05:41
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախատեսվում է անվտանգության վերաբերյալ հանդիպում Սիրիայի և Իսրայելի միջև։ Այդ մասին հայտնում է Sky News Arabia-ն:
Այլ աղբյուրներ, մասնավորապես, Axios-ը, նշում էին, որ սեպտեմբերի 17-ին Լոնդոնում տեղի կունենա հանդիպում Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Դերմերի և Սիրիայի ԱԳ նախարար ալ-Շիբանիի միջև, որի ընթացքում կողմերը կքննարկեն անվտանգության մասին համաձայնագրի առաջարկը։ Բանակցություններին կմասնակցի նաև ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Բարրակը։ Սա կլինի նման ձևաչափով երրորդ եռակողմ հանդիպումը։
Հղում անելով իր աղբյուրներին՝ Axios-ը գրում է, որ Իսրայելը Սիրիային ներկայացրել է անվտանգության մասին նոր համաձայնագրի մանրամասն առաջարկ։ Նշվում է, որ առաջարկը հիմնված է 1979 թվականին Իսրայելի և Եգիպտոսի միջև կնքված խաղաղության համաձայնագրի վրա։ Ըստ աղբյուրի, առաջարկի համաձայն՝ Դամասկոսից հարավ-արևմուտք ընկած տարածքը կբաժանվի երեք գոտու, սակայն սիրիական կողմը կկարողանա այդ գոտիներում պահպանել տարբեր մակարդակի ուժեր և սպառազինություն՝ կախված տարածքից։ Բացի այդ, նշված են հետևյալ պայմանները.
- Բուֆերային գոտու ընդլայնում 2 կմ-ով սիրիական կողմում.
- Բուֆերային գոտուն հարակից և Իսրայելի հետ սահմանին ամենամոտ գտնվող գոտում զորքերի և ծանր սպառազինության բացակայություն։ Այդ տարածքում թույլատրվում է տեղակայել միայն ոստիկանություն և Սիրիայի ներքին անվտանգության ուժեր.
- Դամասկոսից հարավ-արևմուտք ընկած ամբողջ տարածքը մինչև Իսրայելի սահմանը կհայտարարվի սիրիական ինքնաթիռների համար արգելված թռիչքային գոտի։
Ի պատասխան՝ Իսրայելի կողմն առաջարկել է աստիճանաբար դուրս բերել իր զորքերը սիրիական տարածքից, բացառությամբ ռազմավարական կարևորություն ունեցող Հերմոն լեռան գագաթի։ Ընդգծվում է նաև, որ առաջարկի կարևոր կետերից մեկը Սիրիայով դեպի Իրան օդային միջանցքի պահպանումն է։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Սիրիան դեռևս չի արձագանքել այս առաջարկին։
Հիշեցնենք, որ Իսրայելի և Եգիպտոսի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվել է 1979 թվականին Վաշինգտոնում Եգիպտոսի նախագահ Սադաթի և Իսրայելի վարչապետ Բեգինի կողմից։ Այդ համաձայնագրով Սինայի թերակղզին անցել է Եգիպտոսի վերահսկողության տակ, և ամրագրվել է երկու երկրների միջև սահմանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել