Եթե «Շողակաթը» կատարեր իր պարտավորությունները՝ սրան չէինք հասնի․Տիգրան Հակոբյան
4 ՆՈՅ 2025 13:50

Եթե «Շողակաթը» կատարեր իր պարտավորությունները՝ սրան չէինք հասնի․Տիգրան Հակոբյան
4 ՆՈՅ 2025 13:50
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հանդես է եկել «Շողակաթ» հեռուստաալիքի գործունեության վերաբերյալ սուր քննադատությամբ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՌՀ նախագահը հայտնել է, որ այնքան էլ հաշտ չէ «Շողակաթի» վերաբերյալ ԱԺ նախագծի ընդունման հետ։
«Իմ կարծիքով կարելի էր խնդիրը լուծելու շատ ավելի արդյունավետ եղանակ գտնել, որպեսզի «Շողակաթը» ծառայեր հասարակությանը, քանի որ, ի վերջո, դա հասարակական հեռարձակողների ալիքներից մեկն է», - նշել է նա։
Սակայն, ըստ Տիգրան Հակոբյանի, խնդիրը շատ ավելի խորն է, քանի որ «Շողակաթը» 20 տարի գործում էր «գրեթե անօրեն պայմաններում»։ Նա մանրամասնել է, որ դեռ երկու տարի առաջ ՀՌՀ-ն պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռարձակողին՝ զգուշացնելով, որ հեռուստաալիքը, որը լիցենզավորվել է որպես կրթական և մշակութային ուղղվածության միավոր, չի կատարում օրենքով ստանձնած իր պարտավորությունները։
Հակոբյանը կոշտ է արտահայտվել հեռուստաալիքի բովանդակության վերաբերյալ՝ պնդելով, որ այն վաղուց շեղվել էր իր հիմնական առաքելությունից։ ««Շողակաթը» կրթական, մշակութային չէր։ Կրթական հաղորդումներ գրեթե չկային, և ավելի շատ կղերական, հոգևոր հաղորդումներ էր սփռում», - ընդգծել է նա։ ՀՌՀ նախագահը նաև վկայակոչել է մշտադիտարկման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ հեռուստաալիքը գրեթե դիտողականություն չի ունեցել։
«Հանրությունն այդ ալիքը գրեթե չէր նայում, ցավոք։ Այն առաքելությունը, որը պետք է իրականացներ «Շողակաթը», չէր կատարում», - հավելել է նա։ «Կրթական ալիքը չի կարող հեռարձակել շատ հաճախ մի քահանայի ճառեր, որոնք ավելի շատ միջնադարյան, խավարամիտ մարդու բովանդակություն են, ոչ թե կրթական ալիքին հարիր կոնտենտ», - նշել է Հակոբյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել