Սևանի հոգեբուժարանի բժիշկը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
1 ՍԵՊ 2025 12:28

Սևանի հոգեբուժարանի բժիշկը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
1 ՍԵՊ 2025 12:28
Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբույժը մի շարք բնակիչներից 2024 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում պահանջել և ստացել է շուրջ 1 մլն 50 հզր ՀՀ դրամ և 5100 ԱՄՆ դոլար կաշառք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:
«Մասնավորապես՝ Հ․Հ․-ն համայնքի մի քանի բնակիչների՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որդիների օգտին գործողություններ կատարելու համար, այն է՝ կաշառքի դիմաց վերջիններիս զինվորական ծառայությունից ազատվելու գործընթացը կազմակերպելու նպատակով՝ օրենսդրությամբ սահմանված հիմք հանդիսացող հիվանդության առկայության պայմաններում, վերջիններիս հոգեկան առողջության վերաբերյալ ախտորոշում պարունակող փաստաթղթեր տալու և զինվորական ծառայությունից ազատող ախտորոշում ստանալու օրինական գործողությունների համար պահանջել և մաս-մաս ստացել է տարբեր չափերի կաշառք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ կաշառք վերցնելու, հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, գրավը և պաշտոնավարման կասեցումը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել