Հայ-թուրքական հարաբերություններ. Սահակ պատրիարքի խոսքը
Գրանցվել
Գրանցվել
Սահակ պատրիարքը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին
14 ՀՈԿ 2025 06:01
Սահակ պատրիարքը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Սահակ պատրիարքը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

14 ՀՈԿ 2025 06:01
Թուրքիայի հայկական համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և ցանկանում է, որ հարաբերությունները սերտանան։ Այս մասին, ըստ Արմենպրեսի, Հայաստանից ժամանած լրագրողների հետ հանդիպմանը Ստամբուլում ասել է Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Ընդգծել է՝ կարգավորումը կթեթևացնի համայնքի ուսերին դրված բեռը։
Պատրիարքը նկատել է, որ վերջին հարյուրամյակում հարաբերություններն այնքան լարված են եղել, որ երկու երկրներում էլ դիմացինի ազգության անունը հավասարեցվել է հայհոյանքի։
«Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու։ Ավելի բարեկամական մթնոլորտում պետք է շունչ քաշենք»,- նշել է նա։
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հայտնել է, որ ուշադիր հետևում են պաշտոնական հանդիպումներին և «լավ լուրեր են ստանում»՝ կապված երկկողմ ճանապարհների կառուցման, Անիի կամրջի վերականգնման և թուրքական ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու հետ։ Նա լավատես է գործընթացի նկատմամբ, թեև նշում է, որ պետությունների կյանքում գործընթացներն ավելի դանդաղ են ընթանում։
Անդրադառնալով Թուրքիայի ներկայիս իշխանությունների վերաբերմունքին՝ Պատրիարքը նշել է, որ այն բավական դրական է։ Համայնքը վերատիրացել է իր կալվածքներին և այսօր կարող է ազատորեն նորոգել եկեղեցիները, մինչդեռ նախկինում անգամ մեխ գամելու համար թույլտվություն էր պահանջվում։ Ըստ նրա՝ համայնքի ձայնն ավելի լսելի է դարձել, նրանց այցելում են երկրի նախագահն ու նախարարները, տեղ տալիս պետական արարողակարգում։
Չնայած այս դրական տեղաշարժերին, համայնքը կանգնած է օրհասական՝ ժողովրդագրական խնդրի առջև։ Պատրիարքի տվյալներով՝ ծնվող ամեն մի հայի դիմաց երեքը մահանում են, ինչին գումարվում է նաև երիտասարդների արտագաղթը։
«Եթե այսօր մենք 35-40 հազար ենք, 25 տարի հետո 10-15 հազար ենք մնալու»,- մտահոգություն է հայտնել նա։
Այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ 125 հազար հայերի համար նախատեսված ենթակառուցվածքները դատարկվում են։ Ստամբուլում գործող 50 եկեղեցիները (առաքելական, կաթոլիկ և բողոքական) այլևս չեն լցվում մարդկանցով, իսկ նախկին 50 վարժարաններից մնացել է միայն 17-ը։ Որպես օրինակ նա բերել է Գումգափու թաղամասը, որտեղ մեկ դար առաջ 40 հազար հայ էր բնակվում, իսկ այժմ անգամ 40 հայ չկա։
Լուրջ մարտահրավեր է նաև լեզվի պահպանությունը։ Թեև վարժարաններում սովորում է 3000 աշակերտ, դպրոցից դուրս նրանք հիմնականում չեն կիրառում մայրենին։ Այդուհանդերձ, դպրոցները շարունակում են մնալ գրական և մշակութային ժառանգության փոխանցման կարևոր օջախներ։
«Մեր աղոթքն է, որ այն, ինչ շուրջ 600 տարի պահպանել ենք եկեղեցու շուրջ, շարունակենք նույն կերպ պահպանել»,- եզրափակել է Պոլսո Հայոց պատրիարքը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել