Կիևը հարվածել է ՌԴ գործարաններին, Մոսկվան՝ Ուկրաինային
Գրանցվել
Գրանցվել
Կիևը հարվածել է ռուսական գործարաններին, Մոսկվան՝ ուկրաինական քաղաքներին
22 ՀՈԿ 2025 06:51
Կիևը հարվածել է ռուսական գործարաններին, Մոսկվան՝ ուկրաինական քաղաքներին

Կիևը հարվածել է ռուսական գործարաններին, Մոսկվան՝ ուկրաինական քաղաքներին

22 ՀՈԿ 2025 06:51
Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնվել է. ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի Դաշնության խորքում գտնվող օբյեկտների վրա, Ռուսաստանմ էլ հզոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի բնակավայրերին։ ՌԴ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ուկրաինական անօդաչուների թիրախում են հայտնվել Մորդովիայի և Դաղստանի արդյունաբերական ձեռնարկությունները։
Մորդովիայի Հանրապետության ղեկավար Արտյոմ Զդունովը հաստատել է, որ հարձակման հետևանքով վնասվել է ձեռնարկություններից մեկը։ Astra տելեգրամյան ալիքի տվյալներով՝ խոսքը Սարանսկի մեխանիկական գործարանի մասին է, որն արտադրում է սարքավորումներ և պահեստամասեր, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի համար։
Միաժամանակ, Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է տեղի ձեռնարկություններից մեկի վրա հարձակման մասին։ Ըստ Exilenova+ տելեգրամյան ալիքի՝ հարվածի է ենթարկվել Մախաչկալայում գտնվող «Դագնոտեխ» նավթավերամշակման գործարանը։
Ռուսաստանն իր հերթին զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ողջ գիշեր և առավոտ աշխատել են ՀՕՊ ուժերը։
«Եվս մեկ գիշեր, որն ապացուցում է, որ Ռուսաստանը բավարար ճնշում չի զգում պատերազմը ձգձգելու համար։ Հարվածների տակ են եղել սովորական քաղաքներ, հիմնականում մեր էներգետիկան, բայց կան բազմաթիվ հարվածներ նաև բնակելի շենքերին», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ հարվածներից տուժել են Կիևի, Օդեսայի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Պոլտավայի, Վիննիցայի, Զապորոժիեի, Չերկասիի և Սումիի մարզերը։ Հայտնի է 17 տուժածի և 6 զոհի մասին, որոնցից երկուսը երեխաներ են։
Զելենսկին կոչ է արել միջազգային գործընկերներին ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա։ «Արդեն ժամանակն է ընդունել Եվրամիության պատժամիջոցների հզոր փաթեթ։ Ակնկալում ենք նաև պատժամիջոցային ուժեղ քայլեր ԱՄՆ-ի և «Մեծ յոթնյակի» կողմից։ Շատ կարևոր է, որ աշխարհը հենց հիմա չլռի, և ռուսների ստոր հարվածներին լինի համատեղ պատասխան», - հայտարարել է նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՕՊ համակարգեր տրամադրողներին և հավելելով, որ հեռահար զենքերի տրամադրումը կմոտեցնի պատերազմի ավարտը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել