Հարված Ուկրաինայի «սրտին». կան զոհեր և վիրավորներ
28 ՍԵՊ 2025 07:08

Հարված Ուկրաինայի «սրտին». կան զոհեր և վիրավորներ
28 ՍԵՊ 2025 07:08
Սեպտեմբերի 28-ի առավոտյան ռուսական զորքերը հերթական զանգվածային հարձակումն են իրականացրել Ուկրաինայի մի շարք քաղաքների վրա՝ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ և բնակելի շենքեր։ Հարվածների հետևանքով զգալի վնասներ են կրել Զապորոժիեն, Կիև քաղաքը և Կիևի մարզը, որտեղ տասնյակ մարդիկ են տուժել, այդ թվում՝ երեխաներ։
Զապորոժիեում առավոտյան հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական ձեռնարկություն, բազմահարկ բնակելի շենք, 9 մասնավոր տուն, 14 բազմաբնակարան շենք և բենզալցակայան։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 21-ի, որոնց թվում կա երեք երեխա։ Նշվում է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։
Մայրաքաղաք Կիևը ևս ենթարկվել է լայնածավալ գրոհի։ Քաղաքի տարբեր շրջաններում բազմաթիվ ավերածություններ են գրանցվել։ Սոլոմենսկի շրջանում մասնակիորեն փլուզվել է հինգհարկանի բնակելի շենք, իսկ Դարնիցկի շրջանում հրթիռի բեկորներն ընկել են մանկապարտեզի տարածքի վրա։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել պետական բժշկական հաստատությունում՝ Սրտաբանության ինստիտուտում, որտեղ երկու մարդ է զոհվել։
Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոյի հաղորդմամբ՝ մայրաքաղաքում զոհերի ընդհանուր թիվը հասել է չորսի, այդ թվում՝ փլատակների տակից դուրս է բերվել 12-ամյա աղջկա մարմինը։ Վիրավորների թիվը, նախնական տվյալներով, կազմում է 13 մարդ, որոնցից չորսը հոսպիտալացվել է։
Կիևի մարզում նույնպես կան տուժածներ և ավերածություններ։ Ֆաստովսկի շրջանում հարվածի է ենթարկվել հացի գործարան, որի հետևանքով տուժել է հինգ աշխատակից, իսկ ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել։ Բելոցերկովսկի շրջանում հրդեհվել է ինը հարկանի բնակելի շենքի տանիքը, վնասվել է հինգ ավտոմեքենա։ Բացի այդ, հարձակման հետևանքով Օչակով քաղաքում վնասվել են հանգստի գոտու ենթակառուցվածքներ, որտեղ նույնպես հրդեհներ են բռնկվել։
Ուկրաինական աղբյուրները շարունակում են ճշտել զոհերի և վիրավորների վերջնական թիվը: Զուգահեռ, փրկարարական ծառայությունները աշխատում են դեպքի վայրերում՝ վերացնելով հարձակումների հետևանքները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել