ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքները
2 ՀՈԿ 2025 06:27

ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքները
2 ՀՈԿ 2025 06:27
Ուկրաինան ևս մեկ դժվարին գիշեր է վերապրել՝ ռուսական զորքերի կողմից ենթարկվելով զանգվածային հարձակումների։ Թիրախում են եղել Օդեսայի և Կիևի մարզերը, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջանները։ Հարձակումների հիմնական թիրախը դարձել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքները, մասնավորապես՝ երկաթուղին, որը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի տնտեսության և բանակի մատակարարման համար։
Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Օդեսայում գտնվող «Ուկրզալիզնիցիայի» (Ուկրաինական երկաթուղիներ) դեպոն։ Հարձակման հետևանքով բեկորային վնասվածքներ է ստացել գնացքի մեքենավարը։ Օդեսայից բացի, տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Կիևի մարզի խաղաղ բնակավայրերին։
Հարձակումների թիրախում է եղել նաև երկրի հյուսիսում գտնվող սահմանամերձ համայնքների, մասնավորապես՝ Կոնոտոպ քաղաքի երկաթուղային ենթակառուցվածքը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գնացքները ժամանակավորապես կանգնեցվել են խոցման գոտուց անվտանգ հեռավորության վրա։ Առավոտյան կոնտակտային ցանցի էլեկտրամատակարարումը վերականգնվել է, և բոլոր գնացքները վերսկսել են իրենց երթևեկությունը։ Այնուամենայնիվ, հարձակման հետևանքով Չեռնիգովի և Սումիի ուղղությամբ որոշ գնացքներ շարժվում են ուշացումով։ Ուկրաինական կողմը հավաստիացնում է, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ երկրի տրանսպորտային զարկերակների անխափան աշխատանքն ապահովելու համար, նույնիսկ նման զանգվածային հարձակումների պայմաններում։
Ուկրաինացի պաշտոնյաները նշում են, որ Ռուսաստանը ամենօրյա ռեժիմով փորձում է ոչնչացնել ուկրաինական դիմադրողականության հիմքերից մեկը՝ ենթակառուցվածքները, որոնք միավորում են երկիրը։ Սա ներառում է ոչ միայն երկաթուղին, այլև ճանապարհները և էներգետիկ համակարգը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել