ՌԴ-ն կամավորական ջոկատներ են ստեղծում՝ կարևոր օբյեկտները պաշտպանելու համար
10 ՆՈՅ 2025 10:49

ՌԴ-ն կամավորական ջոկատներ են ստեղծում՝ կարևոր օբյեկտները պաշտպանելու համար
10 ՆՈՅ 2025 10:49
Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերում մեկնարկել է կամավորների հավաքագրման լայնածավալ արշավ՝ հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու համար, որոնք կզբաղվեն կրիտիկական նշանակության օբյեկտների պաշտպանությամբ։ Այս գործընթացը հիմնված է նոյեմբերի 4-ին նախագահի կողմից ստորագրված օրենքի վրա, որը թույլ է տալիս պահեստազորայիններին ներգրավել նմանատիպ խնդիրների կատարմանը ոչ միայն ռազմական, այլև խաղաղ պայմաններում։
«Коммерсантъ»-ի հաշվարկներով՝ նման աշխատանքներ արդեն իսկ ընթանում են ՌԴ շուրջ երկու տասնյակ սուբյեկտներում։ Այս ջոկատների հիմնական խնդիրը լինելու է հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը։ Պարտականությունների կատարման ընթացքում պահեստազորայինները կստանան զինծառայողի կարգավիճակ՝ իրենց հասանելիք բոլոր արտոնություններով, ներառյալ սոցիալական երաշխիքներն ու վճարումները։
Նշվում է, որ որոշ մարզերում մասնագիտացված ջոկատների ձևավորումը սկսվել էր դեռևս մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ Առաջիններից մեկը Լենինգրադի մարզն էր, որտեղ հայտարարվեց ԱԹՍ-ների հարձակումներն ու դիվերսիաները կանխելու համար նախատեսված «ԲԱՐՍ-47» ջոկատի ստեղծման մասին։ Նմանատիպ գործընթացներ են մեկնարկել նաև Թաթարստանում՝ Կազանի և Նիժնեկամսկի նավթային օբյեկտները պաշտպանելու, Բաշկիրիայում՝ վառելիքաէներգետիկ համալիրի գործարանների անվտանգությունն ապահովելու և Նիժնի Նովգորոդի մարզում։
Սահմանամերձ Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում նմանատիպ խնդիրներ կատարող ջոկատներ ստեղծվել էին դեռևս 2024 թվականին։ Այժմ նոր օրենքի շրջանակում նախատեսվում է ձևավորել լրացուցիչ ստորաբաժանումներ։ Այս շրջաններում պահեստազորայինների խնդիրները չեն սահմանափակվի միայն ԱԹՍ-ների դեմ պայքարով. նրանք նաև պետք է կանխեն հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գործունեությունը և անհրաժեշտության դեպքում մասնակցեն բնակչության տարհանմանը։
Թեև Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պահեստազորայինները կծառայեն միայն իրենց մարզի տարածքում, օրենքի տեքստում նման սահմանափակում չկա։ Սակայն այս պայմանն ամրագրվում է կամավորների հետ կնքվող տիպային պայմանագրում։
Ծառայության ներգրավվելու համար սահմանված են տարիքային սահմանափակումներ (շարքայինների համար՝ մինչև 50, սպաների համար՝ մինչև 60-65 տարեկան), առողջական վիճակի և կրթության պահանջներ։ Դրամական ապահովման չափը կախված է մարզից։ Օրինակ, Բրյանսկի մարզում ամսական վճարը կկազմի 40.5-ից մինչև 99.3 հազար ռուբլի՝ գումարած հավելավճարներ, մինչդեռ այլ մարզերում ամսական վճարներն ավելի համեստ են, սակայն ուսումնական հավաքների մասնակցության համար նախատեսված են ավելի մեծ գումարներ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել