Բուլղարիան կհրաժարվի ռուսական գազից 2026-ին
25 ՍԵՊ 2025 05:53

Բուլղարիան կհրաժարվի ռուսական գազից 2026-ին
25 ՍԵՊ 2025 05:53
Եվրամիության՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու քաղաքականությունը բախվում է անդամ երկրների տարբեր մոտեցումներին՝ խորացնելով ներքին հակասությունները։ Մինչ Բուլղարիան հայտարարում է ռուսական գազի ներկրումը վաղաժամկետ դադարեցնելու իր մտադրության մասին, Սլովակիան, ընդհակառակը, խնդրում է իրեն ազատել այդ պարտավորությունից։
Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովի խոսքով՝ Սոֆիան մտադիր է ռուսական բնական գազի օգտագործման և տարանցման պայմանագրերը դադարեցնել արդեն 2026 թվականին, ինչը զգալիորեն ավելի վաղ է ԵՄ ընդհանուր ժամկետներից։ «Մենք, որպես Եվրամիության մաս, կմիանանք ԵՄ որոշումներին», - հայտարարել է նա։ Ընդ որում, այդ որոշումը կվերաբերի ինչպես գնմանը, այնպես էլ Բուլղարիայի տարածքով ռուսական գազի տարանցմանը։
Այս որոշմանը նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որտեղ նա հորդորել էր Եվրոպային դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների գնումները։ Թրամփի պնդմամբ՝ այն երկրները, որոնք շարունակում են նավթ և գազ գնել Ռուսաստանից, փաստացի ֆինանսավորում են ռուսական ռազմական մեքենան։
Բուլղարիան արդեն իսկ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ՝ ռուսական գազի մատակարարումները մասամբ փոխարինելով Ադրբեջանից ստացվող վառելիքով։ Այնուամենայնիվ, 2025 թվականի փետրվարին երկրի նախագահ Ռումեն Ռադևը խոստովանել էր, որ Բուլղարիան շարունակում է անուղղակիորեն ստանալ ռուսական գազ։
Միևնույն ժամանակ, Եվրամիության որոշ երկրներ բացահայտորեն դեմ են արտահայտվում ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությանը։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը հայտարարել է, որ իր երկիրը խնդրում է Եվրահանձնաժողովին բացառություն անել իր համար՝ 2027-28 թվականներին ռուսական էներգակիրներից հրաժարվելու ծրագրի շրջանակում։
Սլովակիան և Հունգարիան, որոնք համարվում են Կրեմլի եվրոպական դաշնակիցները, շարունակում են ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարերով և մտադիր չեն դադարեցնել ներմուծումը։ Դեռ ավելին, կտրուկ են արձագանքում դեպքերին, երբ ուկրաինական ուժերը, ի պատասխան ռուսական գործողությունների, թիրախավորում են ենթակառուցվածքները, որոնց միջոցով ռուսական գազը Սլովակիա և Հունգարիա է հասնում։ Այս ամենի հաշվարկով՝ բավական մշուշոտ է Եվրոպայում ռուսական էներգակիրներն ամբողջությամբ ամերիկյանով փոխարինելու Թրամփի ծրագիրը, որը նա բավական բացահայտ առաջ է մղում վերջին շրջանում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել