Երբ կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը. Հակադիր կանխատեսումներ
16 ՆՈՅ 2025 09:28

Երբ կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը. Հակադիր կանխատեսումներ
16 ՆՈՅ 2025 09:28
Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Եվրոպայում ի հայտ են գալիս հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ խորը տարաձայնություններ։ Եվրոպական երկու առաջնորդների՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վերջին հայտարարությունները ցուցադրում են խնդրի լուծման վերաբերյալ երկու իրարամերժ տեսլական։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է անում Եվրոպային պահպանել սթափություն և պատրաստ լինել երկարատև դիմակայության։ Նրա համոզմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմը դժվար թե մոտ ապագայում խաղաղ ճանապարհով ավարտվի։ «Ուկրաինայում զինադադարը մինչև գարուն հազիվ թե հաստատվի», - նշել է Ստուբը՝ ընդգծելով, որ եվրոպացի դաշնակիցները պետք է շարունակեն իրենց աջակցությունը՝ չնայած Կիևում ծագած կոռուպցիոն սկանդալին։
Ստուբը նախազգուշացնում է, որ ձմռան ամիսները լինելու են տոկունության և վճռականության լուրջ փորձություն, քանի որ «Ռուսաստանը շարունակում է իր հիբրիդային հարձակումներն ու տեղեկատվական պատերազմը ողջ մայրցամաքում»։ Ֆինն առաջնորդի խոսքերում ընդգծվում է իրատեսական մոտեցման և դիմադրողականության անհրաժեշտությունը՝ ի դեմս շարունակվող ագրեսիայի։
Ի հակադրություն Ստուբի զգուշավոր դիրքորոշման՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարում է, որ հակամարտությունը շուտով կավարտվի։ «Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության հասնելուն», - ասել է նա՝ վստահեցնելով, որ ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի կողմից հարձակման վտանգ չպետք է տեսնեն։
Օրբանը կարծում է, որ նախագահ Պուտինը շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, իսկ Մոսկվան կցանկանար ավելի արագ ավարտել ռազմական գործողությունները։ Ըստ նրա՝ հակամարտության դադարեցման համար պահանջվում է «Արևմուտքի միասնական դիրքորոշում»։ Այս համատեքստում նա առանձնացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը, որոնք, իր գնահատմամբ, ուղղված են խաղաղության հասնելուն, մինչդեռ Եվրամիության առաջնորդները, ըստ Օրբանի, «դրդում են Ուկրաինային շարունակել ռազմական գործողությունները՝ մարտի դաշտում ավելի շահեկան պայմանների հասնելու համար»։
Հունգարիայի վարչապետը նաև կանխատեսում է, որ Ռուսաստանի կողմից Դոնբասի հնարավոր գրավումից հետո «պատերազմը շարունակելու իմաստ այլևս չի լինի»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել