Պետք է կենտրոնանալ ոչ թե հռետորաբանության, այլ արդյունքի վրա․ Ռուբինյան
5 ՆՈՅ 2025 13:41

Պետք է կենտրոնանալ ոչ թե հռետորաբանության, այլ արդյունքի վրա․ Ռուբինյան
5 ՆՈՅ 2025 13:41
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը համոզված է, որ Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կլինեն սադրիչ հայտարարություններ, սակայն կարևոր է կենտրոնանալ ոչ թե դրանց, այլ իրական, շոշափելի ձեռքբերումների վրա։ Այս մասին նա ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, թե իբր 20-րդ դարի սկզբի ցարական Ռուսաստանի քարտեզներում Հայաստանի ներկայիս տարածքի տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունի։
Ռուբինյանը նշել է, որ արդեն իսկ գրառմամբ արձագանքել է այդ անհիմն պնդումներին, սակայն ընդգծել է, որ պետք է տարբերակել հռետորաբանությունը և իրական գործընթացները։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից հետո Ադրբեջանից հնչող հայտարարություններում շեշտադրումների որոշակի դրական փոփոխություն նկատվում է, թեև դեռևս լինում են ապակառուցողական արտահայտություններ։
«Եթե հետ գնանք, ապա տեղանունների իմաստով մեզ համար ամենևին ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, շատ շահեկան վիճակ կտեսնենք։ Բայց հետ գնալ պետք չէ, պետք է գնալ առաջ։ Դա է խաղաղության ամրապնդման և պահպանման ձևը»,- ասել է Ռուբինյանը։
Որպես խաղաղության գործընթացի իրական արդյունք՝ ԱԺ փոխնախագահը մատնանշել է ռուսական և ղազախական ցորենի ներկրումը Հայաստան Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղով։
«Սա պատմական իրադարձություն է։ Այսպիսի բան վերջին անգամ եղել է երևի 1991 կամ 1992 թվականին, այսինքն՝ պատերազմի ակտիվ փուլից առաջ»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ վերջին 30 տարում Հայաստանի միակ երկաթուղային կապը եղել է Վրաստանի հետ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել