Պատերազմ Ռիո դե Ժանեյրոյում. 64 զոհ, 81 ձերբակալված
29 ՀՈԿ 2025 06:52

Պատերազմ Ռիո դե Ժանեյրոյում. 64 զոհ, 81 ձերբակալված
29 ՀՈԿ 2025 06:52
Ռիո դե Ժանեյրոն վերածվել է մարտերի դաշտի՝ իշխանությունների և հզոր թմրակարտելի միջև բախումների հետևանքով։ «Կոմանդո Վերմելյո» («Կարմիր հրամանատարություն») հանցավոր խմբավորման դեմ իրականացված լայնածավալ գործողությունը դարձել է նահանգի պատմության մեջ ամենաարյունալին՝ խլելով առնվազն 64 մարդու կյանք, որոնցից չորսը ոստիկաններ են։ Ձերբակալվել է 81 մարդ։
Հոկտեմբերի 28-ին քաղաքի հյուսիսային Ալեմաո և Պենյա թաղամասերում սկսված գործողությունը Ռիոն ժամերով ընկղմել է քաոսի և պատերազմ հիշեցնող իրավիճակի մեջ։ The New York Times-ը գրում է, որ այս բախման մասշտաբները ցնցել են նույնիսկ արյունալի գործողություններին սովոր Ռիոյի բնակիչներին։ Ոստիկանության գործողություններին ի պատասխան՝ թմրավաճառները հակագրոհներ են սկսել ողջ քաղաքում։ Նրանք փակել են գլխավոր ճանապարհները, այդ թվում՝ Լինյա Ամերելա մայրուղին, մեքենաներից ու աղբից բարիկադներ կառուցել, հրկիզել ավտոմեքենաներ և ավտոբուսներ։ Քաղաքի Գործողությունների կենտրոնը ստիպված է եղել բարձրացնել տագնապի մակարդակը, իսկ ոստիկանության ողջ անձնակազմին, ներառյալ վարչական աշխատողներին, հրամայվել է դուրս գալ փողոց։
Տեղի բնակիչները պատմել են համատարած խուճապի մասին. շատերը գնդակներից պատսպարվել են իրենց տներում։ Բախումների թեժությունը փաստող տեսանյութերից մեկում ընդամենը մեկ րոպեի ընթացքում լսվում է մոտ 200 կրակոց։ Իրավապահների տվյալներով՝ հանցագործները պայթուցիկներ նետելու համար նույնիսկ անօդաչու թռչող սարքեր են կիրառել։
Այս գործողությունը «Զսպման գործողություն» կոչվող ավելի մեծ նախաձեռնության մաս է, որի նպատակն է կանխել «Կոմանդո Վերմելյո»-ի ազդեցության ընդլայնումը։ Գործողությանը ներգրավված է եղել անվտանգության մոտ 2500 աշխատակից, որոնց առջև դրված էր շուրջ 100 ձերբակալման օրդեր ի կատար ածել։ Ոստիկանությունը առգրավել է մոտ 100 ինքնաձիգ։ Նահանգապետ Կլաուդիո Կաստրոն հայտարարել է, որ գործողությունը ավարտի կոնկրետ ժամկետ չունի, ինչը նշանակում է, որ Ռիոյում լարվածությունը կարող է պահպանվել երկար ժամանակ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել