ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի էներգետիկային. կան տուժածներ
30 ՀՈԿ 2025 08:22

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի էներգետիկային. կան տուժածներ
30 ՀՈԿ 2025 08:22
Հոկտեմբերի 30-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանը հերթական զանգվածային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի դեմ՝ օգտագործելով Ту-95МС ռմբակոծիչներ, անօդաչու թռչող սարքեր և «Կինժալ» տիպի գերձայնային հրթիռներ։ Հիմնական թիրախը դարձել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքը տարբեր մարզերում, ինչի հետևանքով Ուկրաինայի ողջ տարածքում սահմանվել են էլեկտրաէներգիայի վթարային, ապա նաև ժամային անջատումներ։ Հարվածների հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։
Ամենածանր հետևանքները գրանցվել են Զապորոժիեում, որտեղ ռուսական զորքերը մոտ 20 անօդաչու սարքով և առնվազն 8 հրթիռով հարվածել են քաղաքին։ Թիրախավորվել է քաղաքացիական հանրակացարան, որի մի քանի հարկեր ամբողջությամբ փլուզվել են։ Վիրավորների թիվը հասել է 15-ի, որոնցից վեցը 3-ից 6 տարեկան երեխաներ են։ Տուժածների մոտ ախտորոշվել են սուր սթրեսային ռեակցիա, պատռված վերքեր, կոնտուզիաներ, սալջարդեր և կոտրվածքներ։ Փրկարարները հաստատել են, որ փլատակների տակ գտնվում է ևս մեկ մարդ, որոնողական աշխատանքները շարունակվում են։
Լարված իրավիճակ է ստեղծվել նաև Վիննիցայի մարզի Լադիժին քաղաքում, որը գիշերային հարձակման հետևանքով մնացել է առանց ջերմության և ջրամատակարարման։ Քաղաքային իշխանությունները փորձում են ապահովել ջերմամատակարարման այլընտրանքային համակարգ, իսկ առավել տուժած շենքերի բնակիչները տարհանվում են։ Հարվածի հետևանքով մարզում տուժել է չորս մեծահասակ և 7-ամյա մի աղջիկ, որի վիճակը գնահատվում է ծանր։ Կիևի մարզի Բորիսպոլ քաղաքում վիրավորվել է 36-ամյա մի կին, այրվել է մասնավոր տուն, վնասվել են բազմաբնակարան շենքեր և ավտոմեքենաներ։
Հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի արևմտյան շրջաններին։ Լվովի մարզում թիրախավորվել է Դոբրոտվորի ՋԷԿ-ը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Իվանո-Ֆրանկիվսկի մարզում զանգվածային հարվածի է ենթարկվել կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ։ Էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով «Укрзализныця»-ն հայտնել է մի շարք գնացքների ուշացումների մասին։ «ДТЭК» ընկերությունը հաստատել է, որ սա հոկտեմբեր ամսվա ընթացքում իր ջերմաէլեկտրակայանների դեմ իրականացված երրորդ զանգվածային հարձակումն է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել