ՌԴ-ն «Իսկանդեր»-ով ոչնչացրել է ATACMS-ի երկու կայանք
19 ՆՈՅ 2025 05:49

ՌԴ-ն «Իսկանդեր»-ով ոչնչացրել է ATACMS-ի երկու կայանք
19 ՆՈՅ 2025 05:49
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի անձնակազմը հասցրել է հաջող հակահարված՝ ոչնչացնելով երկու թողարկիչ կայանք, որոնցով ուկրաինական ուժերը նախօրեին ամերիկյան արտադրության ATACMS հեռահար հրթիռներ էին արձակել ՌԴ Վորոնեժի մարզի ուղղությամբ։
Ավելի վաղ ռազմական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ ուկրաինական զինված ուժերը, այս տարվա հունվարից ի վեր առաջին անգամ, փորձել են հարձակվել Վորոնեժի մարզի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ կիրառելով ամերիկյան արտադրության ATACMS տեսակի չորս հեռահար հրթիռ։
Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը, մասնավորապես՝ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի և «Պանցիր» զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկները, ժամանակին հայտնաբերել և ոչնչացրել են օդային բոլոր թիրախները՝ թույլ չտալով, որ դրանք հասնեն իրենց նպատակակետերին։
ՀՕՊ համակարգերի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից և վիրավորներից, փոխանցում են ռուսական պաշտոնական աղբյուրները։ Այնուամենայնիվ, խոցված հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով մասնակի վնասներ են կրել քաղաքացիական մի շարք օբյեկտներ։ Մասնավորապես, վնասվել են Վորոնեժի տարեցների մարզային գիշերօթիկ կենտրոնի, մանկատան, ինչպես նաև մեկ առանձնատան տանիքները։
Ի պատասխան ուկրաինական կողմի հարձակման՝ ռուսական զինվորականները իրականացրել են հետախուզական գործողություններ, որոնց արդյունքում հաջողվել է պարզել հրթիռների արձակման ստույգ վայրը Խարկովի մարզում։ Թիրախը հայտնաբերելուց հետո այդ ուղղությամբ հարված է հասցվել «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրի միջոցով։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ պատասխան հարվածի արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել է երկու «MLRS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, դրանց զինամթերքի պահեստը և մարտական հաշվարկները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել