ՌԴ-ն հզոր հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ համակարգին
10 ՀՈԿ 2025 10:59

ՌԴ-ն հզոր հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ համակարգին
10 ՀՈԿ 2025 10:59
Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում և մարզերում շարունակվում են ռուսական զինված ուժերի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա իրականացված զանգվածային հարձակման հետևանքների վերացման աշխատանքները։ Հարձակումը, որը Կիևը որակել է «ցինիկ և հաշվարկված», իրականացվել է ավելի քան 450 անօդաչու թռչող սարքերի և ավելի քան երեք տասնյակ հրթիռների կիրառմամբ՝ նպատակ ունենալով խաթարել երկրի բնականոն կյանքը։
Ներկա պահի դրությամբ հայտնի է ավելի քան 20 տուժածի մասին։ Ցավոք, Զապորոժիեում հարձակման հետևանքով զոհվել է մեկ երեխա։
Հարձակման հետևանքով լրջորեն տուժել է մայրաքաղաք Կիևը, որտեղ վերականգնողական բրիգադներն աշխատում են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ։ Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել Կիևի, Դոնեցկի, Չեռնիգովի, Չերկասիի, Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Հարվածներից հետո վերականգնողական աշխատանքներ են ընթանում նաև Զապորոժիեում, Կիրովոգրադի և Խերսոնի մարզերում։
Բոլոր ծառայությունները, այդ թվում՝ փրկարարական ջոկատները, աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Իրավիճակի վերաբերյալ պարբերաբար զեկույցներ են ստացվում համայնքների զարգացման նախարար Ալեքսեյ Կուլեբայից, էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկից և ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյից։
Կիևում այս հարձակումը դիտարկվում է որպես ջեռուցման սեզոնից առաջ Ուկրաինայի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները շարքից հանելու նպատակաուղղված փորձ։ Այս կապակցությամբ Ուկրաինան դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով դատարկ խոսքերից անցնել վճռական գործողությունների։ «Միասին մենք կարող ենք պաշտպանել մարդկանց այս ահաբեկչությունից։ Անհրաժեշտ են ոչ թե դատարկ խոսքեր, այլ վճռական գործողություններ ԱՄՆ-ի, Եվրոպայի, «Մեծ յոթնյակի» կողմից՝ ՀՕՊ համակարգերի մատակարարումների և պատժամիջոցների իրականացման հարցում»,- ասված է ուղերձում։
Կիևը նաև ակնկալում է այս «դաժանության» վերաբերյալ «Մեծ քսանյակի» և բոլոր այն երկրների արձագանքը, որոնք իրենց ելույթներում խոսում են խաղաղության մասին, սակայն ձեռնպահ են մնում իրական քայլերից։ «Աշխարհը կարող է պաշտպանվել այս հանցագործություններից, և դա անպայման կամրապնդի գլոբալ անվտանգությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել