ՌԴ-ն հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզին, կա 1 զոհ, 11 վիրավոր
4 ՆՈՅ 2025 06:21

ՌԴ-ն հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզին, կա 1 զոհ, 11 վիրավոր
4 ՆՈՅ 2025 06:21
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզը ենթարկվել է ռուսական զորքերի համակցված հարձակումներին, որոնց հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս տասնմեկը, այդ թվում՝ երկու երեխա, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին, տեղական իշխանություններին հղումով, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Մարզի ռազմական վարչակազմի ղեկավարի հաղորդմամբ՝ ռուսական ուժերն օգտագործել են հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, կառավարվող ավիառումբեր, հրետանի և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ թիրախավորելով միանգամից մի քանի համայնքներ։
Ամենածանր հարվածը հասցվել է Սինելնիկովսկի շրջանի Նիկոլաևկայի համայնքին, որը գրոհվել է ինչպես հրթիռով, այնպես էլ անօդաչու թռչող սարքով։ Հարձակման հետևանքով զոհվել է 65-ամյա մի կին։ Տուժել է ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ 15-ամյա տղան ստանալու է ամբուլատոր բուժում, մինչդեռ 5-ամյա աղջկա վիճակը ծանր է, և նա հոսպիտալացվել է։ Ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել նաև երկու մեծահասակ։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել սրճարան-խանութում, մասնավոր տանը և ավտոմեքենայում։ Զգալի վնասներ են կրել նաև 12 բնակելի տներ։
Հարձակումներ են տեղի ունեցել նաև մարզի այլ հատվածներում։ Վասիլկովկայի համայնքի ուղղությամբ ռուսական զորքերն օգտագործել են կառավարվող ավիառումբ (КАБ), ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ։
Նիկոպոլի շրջանը ևս հայտնվել է ինտենսիվ գնդակոծության տակ։ Հարվածներն իրականացվել են FPV-դրոնների, հրետանու և «Գրադ» համակարգերի կիրառմամբ։ Թիրախում են հայտնվել Նիկոպոլ քաղաքը, ինչպես նաև Մարգանեցի և Պոկրովսկոեի համայնքները։ Այստեղ տուժել է երեք տղամարդ՝ 43, 51 և 52 տարեկան, որոնք բուժում կստանան տնային պայմաններում։ Հարվածներից վնասվել է նաև շտապօգնության մեքենա։
Բացի այդ, Պավլոգրադ քաղաքը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով, ինչի հետևանքով վնասվել են ենթակառուցվածքներ։ Մարզային իշխանությունները շարունակում են գնահատել հասցված վնասի ամբողջական ծավալը և աշխատանքներ տանել հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել