Նոյեմբերի 9. Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը
Գրանցվել
Գրանցվել
Նոյեմբերի 9-ի հնգամյակը. Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը
7 ՆՈՅ 2025 12:14
Նոյեմբերի 9-ի հնգամյակը. Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը

Նոյեմբերի 9-ի հնգամյակը. Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը

7 ՆՈՅ 2025 12:14
2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության ստորագրման հինգերորդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ ներկայացնելով անցած հինգ տարիների ընթացքում իր միջնորդական ջանքերի արդյունքները, խաղաղապահ առաքելության դերը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը։ Հայտարարությունը ոչ միայն հետադարձ հայացք է կատարված աշխատանքին, այլև հստակ ուղերձ՝ ուղղված Երևանին և Բաքվին՝ ընդգծելով խաղաղության գործընթացն անշրջելի դարձնելու համար դեռևս առկա անելիքները։
ՌԴ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ առանցքային տեղ է հատկացնում Ռուսական խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) գործունեությանը՝ այն որակելով «անփոխարինելի ներդրում տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում», որը տրվել է «նաև մեր զինվորների կյանքի գնով»։
Անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերին մարտական գործողությունների վերսկսմանը՝ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծում է, որ ռուս զինծառայողները «նպաստել են հրադադարի հաստատմանը, ապահովել են քաղաքացիական բնակչության անվտանգությունը՝ իրենց տեղակայման կետերում և դիտակետերում պատսպարելով շուրջ հինգ հազար խաղաղ բնակչի, այդ թվում՝ ավելի քան երկու հազար երեխայի, և երաշխավորել են հայ բնակչության անվտանգ ելքը դեպի Հայաստան»։ Նշվում է, որ խաղաղապահներն իրենց պարտքը շարունակել են կատարել մինչև 2024 թվականի հունիսի 12-ը՝ իրենց վերջնական վերադարձը հայրենիք։
Ամփոփելով անցած հինգ տարիները՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն միևնույն ժամանակ հստակ նշում է այն խնդիրները, որոնք դեռևս լուծված չեն։ «Բաքվին և Երևանին դեռևս շատ անելիքներ կան երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին անշրջելի բնույթ հաղորդելու համար», - ասված է հայտարարության մեջ։
Որպես առաջնահերթ քայլեր նշվում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց անմիջական հարևանների շահերից բխող տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների վերականգնումը, պետական սահմանի արդարացի սահմանազատումն ու սահմանագծումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության գծով արդյունավետ շփումների հաստատումը։
Իր հայտարարության վերջում ռուսական կողմը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ «շարունակելու ամեն կերպ աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին բոլոր ուղղություններով», այդ թվում՝ «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Իրան, Թուրքիա) տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել