Քիշնևում ընտրությունների դեմ բողոքում են
Գրանցվել
Գրանցվել
Քիշնևում ընդդիմությունը բողոքում է ընտրությունների դեմ
29 ՍԵՊ 2025 11:45
Քիշնևում ընդդիմությունը բողոքում է ընտրությունների դեմ

Քիշնևում ընդդիմությունը բողոքում է ընտրությունների դեմ

29 ՍԵՊ 2025 11:45
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի կենտրոնում հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ բողոքելու խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։ Ռուսամետ ընդդիմությունը, որը գլխավորում է նախկին նախագահ Իգոր Դոդոնը, հայտարարում է, որ չի ընդունում քվեարկության արդյունքները՝ պնդելով, որ իշխող կուսակցությունը հաղթել է բացառապես արտերկրում բնակվող քաղաքացիների ձայների շնորհիվ։
Հանրահավաքում ելույթ ունենալով՝ «Հայրենասիրական դաշինքի» առաջնորդներից Իգոր Դոդոնը հայտարարել է, թե իշխանությունը «շուտ է ուրախանում»։ Նա պնդել է, որ իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (PAS) պարտվել է երկրի ներսում անցկացված քվեարկության արդյունքներով և իր դիրքերը պահպանում է բացառապես սփյուռքի ձայների հաշվին։
«Այս ընտրությունները ցույց տվեցին, որ PAS-ը կրկին պարտվել է երկրի ներսում։ Նրանք դարձյալ պահպանվում են սփյուռքի հաշվին», - հայտարարել է Դոդոնը՝ հավելելով, որ իրենք խախտումների վերաբերյալ փաստաթղթեր են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նա նաև մեղադրել է իշխանություններին մարդկանց վախեցնելու մեջ, ինչի պատճառով, ըստ նրա, ոմանք չեն մասնակցել ընտրություններին։
Հանրահավաքում տիրել է լարված մթնոլորտ, որն ունեցել է ընդգծված ռուսամետ և հակաուկրաինական բնույթ։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, իրավիճակը սրվել է, երբ հրապարակում մի տղամարդ բացականչել է «Փա՛ռք Ուկրաինային», ինչից հետո նրան արագ հեռացրել են տարածքից։ Ի պատասխան՝ «ռուսական աշխարհի» կողմնակիցներից մեկը զայրացած բղավել է. «Ուկրաինան այստեղ չի հրամայելու»։
Հակառակ պաշտոնական արդյունքներին՝ Դոդոնը վստահեցրել է իր համակիրներին, որ «հաղթանակը լինելու է իրենցը»՝ կոչ անելով չվախենալ։ Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ բավական լարված իրավիճակում անցած նախընտրական պայքարին ու քվեարկությանը Մոլդովայում կարող է հաջորդել ոչ պակաս լարված հետընտրական շրջանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել