Կատարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային
3 ՆՈՅ 2025 14:15

Կատարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային
3 ՆՈՅ 2025 14:15
Կատարը՝ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկը, խիստ նախազգուշացում է հղել Եվրոպային՝ սպառնալով ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումները, եթե Եվրամիությունը չմեղմի իր նոր բնապահպանական և կորպորատիվ պատասխանատվության օրենսդրությունը։ 
Այս մասին ADIPEC էներգետիկ համաժողովի ժամանակ հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար և QatarEnergy ընկերության ղեկավար Սաադ Շերիդա ալ-Քաաբին։
Վեճի հիմքում Եվրամիության «Կորպորատիվ կայունության պատշաճ ջանասիրության մասին» (Corporate Sustainability Due Diligence Directive - CSDDD) հրահանգն է։ Այս նոր կարգավորումը եվրոպական ընկերություններից և նրանց մատակարարներից պահանջում է բացահայտել և վերացնել իրենց գործունեության բացասական ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի վրա՝ մատակարարման ողջ շղթայի ընթացքում։ Հրահանգի խախտման դեպքում նախատեսվում են խոշոր տուգանքներ, որոնք կարող են հասնել ընկերության համաշխարհային ընդհանուր շրջանառության 5%-ին։
Նախարար ալ-Քաաբին իր ելույթում հստակ շարադրել է Կատարի դիրքորոշումը՝ նշելով, որ իրենց երկիրը, լինելով ածխաջրածիններ արդյունահանող, մոտ ապագայում չի կարող հասնել մթնոլորտ արտանետումների զրոյական մակարդակի, ինչը բախվում է ԵՄ նոր պահանջներին։ Նա անթաքույց վերջնագիր է ներկայացրել եվրոպացի գործընկերներին։
«Եթե Եվրոպան իրականում չդիտարկի, թե ինչպես կարող է մեղմել կամ չեղարկել CSDDD-ն, և շարունակի 5% տուգանք գանձել էներգետիկ ոլորտում ընդհանուր համաշխարհային շրջանառությունից, մենք Եվրոպային ՀԲԳ չենք մատակարարի, դա հաստատ է», - հայտարարել է նա։
Սա Կատարի առաջին նախազգուշացումը չէ։ Ավելի վաղ Դոհան պաշտոնական նամակ էր հղել Բելգիայի կառավարությանը՝ տեղեկացնելով CSDDD-ի պատճառով ՀԲԳ մատակարարումների հնարավոր կրճատման մասին։ Եթե կարգավորումների մեղմման շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, Կատարի իշխանությունները սպառնում են դիտարկել ՀԲԳ վաճառքի «այլընտրանքային շուկաներ»։
Այս զարգացումը լուրջ մարտահրավեր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։ 2022 թվականից ի վեր, երբ ռուսական գազի ներկրումը կտրուկ կրճատվեց, Կատարը դարձել է ԵՄ-ի համար կենսական նշանակության մատակարար՝ ապահովելով այդ վառելիքի նկատմամբ ԵՄ կարիքների 12–14%-ը։ 
Այժմ Բրյուսելը կանգնած է բարդ ընտրության առաջ՝ պահպանե՞լ իր խիստ բնապահպանական քաղաքականությունը՝ ռիսկի տակ դնելով էներգակիրների կայուն մատակարարումները, թե՞ գնալ զիջումների՝ կարևորագույն գործընկերոջ հետ հարաբերությունները պահպանելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել