Պուտինը ներկայացրեց AZAL-ի կործանման վարկածը Ալիևին
Գրանցվել
Գրանցվել
Պուտինը Ալիևին ներկայացրել է AZAL-ի կործանման վարկածը
9 ՀՈԿ 2025 12:28
Պուտինը Ալիևին ներկայացրել է AZAL-ի կործանման վարկածը

Պուտինը Ալիևին ներկայացրել է AZAL-ի կործանման վարկածը

9 ՀՈԿ 2025 12:28
Հոկտեմբերի 9-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի ունեցավ երկար սպասված հանդիպումը Ռուսաստանի նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև։ Սա երկու երկրների ղեկավարների առաջին լիարժեք հանդիպումն էր երկարատև դադարից հետո, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններում կուտակված խնդրահարույց հարցեր, իսկ առանցքային թեմաներից մեկը, հանդիպման հրապարակային մասում, դարձավ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի վերջին ողբերգական կործանումը։ Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինն առաջարկեց քննարկումը սկսել հենց ավիաաղետի հանգամանքներից՝ ներկայացնելով ռուսական կողմի վարկածը։ Նրա խոսքով՝ ողբերգությունը, ի թիվս այլ հանգամանքների, կապված է եղել այն բանի հետ, որ այդ պահին Ռուսաստանի օդային տարածքում է գտնվել ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Պուտինը մանրամասնեց, որ ողբերգության օրը ռուսական ՀՕՊ համակարգերը «ուղեկցել» են ռուսական սահմանը հատած երեք ուկրաինական ԱԹՍ-ների։
ՌԴ նախագահը պարզաբանեց, որ ռուսական ՀՕՊ համակարգի կողմից արձակված երկու հրթիռները ուղիղ չեն խոցել AZAL-ի ինքնաթիռը, այլ պայթել են դրանից մի քանի մետր հեռավորության վրա։ «Ինքնաթիռը վնասվել է ոչ թե հրթիռների խոցող մարտական տարրերից, այլ, ամենայն հավանականությամբ, բեկորներից», - ընդգծեց նա։ Պուտինը նաև հայտնեց, որ ինքնաթիռի անձնակազմին առաջարկվել է վայրէջք կատարել Մախաչկալայում, սակայն նրանք որոշում են կայացրել շարունակել թռիչքը դեպի իրենց հիմնական օդանավակայան։
Վլադիմիր Պուտինը, որը, իր խոսքով, աղետի պատճառների մասին տեղեկացվել էր հանդիպումից երկու օր առաջ, հիշեցրեց Ալիևին, որ ողբերգությունից անմիջապես հետո հեռախոսազրույցում ներողություն է խնդրել նրանից։ Նա ևս մեկ անգամ ցավակցություն հայտնեց զոհվածների ընտանիքներին և հավաստիացրեց, որ Ռուսաստանն ամբողջական աջակցություն է ցուցաբերում հետաքննությանը։
«Այս կապակցությամբ կվճարվեն փոխհատուցումներ, և մեղավորները կպատժվեն», - խոստացավ Պուտինը՝ հավելելով, որ տեղի ունեցածի կապակցությամբ իրավական գնահատական կտրվի բոլոր պաշտոնատար անձանց գործողություններին։ Նա նշեց, որ վերջնական եզրակացության համար դեռ ժամանակ է հարկավոր։
Բացի ավիաաղետի քննարկումից, Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկան պահպանելու համար՝ բարձր գնահատելով Ալիևի ավանդը հումանիտար կապերի ամրապնդման գործում։ Իլհամ Ալիևն իր հերթին շնորհավորեց Պուտինին ծննդյան օրվա առթիվ՝ բարեմաղթանքներ հղելով նրան և Ռուսաստանի բարեկամ ժողովրդին։
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգացել են այս տարի»,- հայտարարել է Ալիևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բոլոր ճանապարհային քարտեզները հաջողությամբ իրականացվում են, իսկ երկրների միջև օրակարգը բնութագրել է որպես ընդարձակ և դրական։
Նշենք, որ մինչ այս լիարժեք հանդիպումը, Պուտինն ու Ալիևը հպանցիկ կերպով տեսակցել էին սեպտեմբերին Չինաստանում՝ ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ։ Իսկ Մոսկվա-Բաքու դիմակայության պատճառը միայն ինքնաթիռի հետ կապված ողբերգական միջադեպը չէ, այլ նաև Ռուսաստանում ադրբեջանցիների հետ կապված բազմաթիվ սկանդալային բացահայտումները, մասամբ նաև՝ ուկրաինական պատերազմի ընթացքում Ադրբեջանի ակնհայտ, երբեմն էլ՝ սադրիչ հակառուսական պահվածքը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել