«Պուտինն իր սահմանների մոտ էլ ավելի շատ ՆԱՏՕ կտեսնի». Շվեդիայի ՊՆ
29 ՍԵՊ 2025 08:31

«Պուտինն իր սահմանների մոտ էլ ավելի շատ ՆԱՏՕ կտեսնի». Շվեդիայի ՊՆ
29 ՍԵՊ 2025 08:31
Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յունսոնը գերմանական BILD պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի օդային տարածքում իրականացվող սադրանքներին և դաշինքի հնարավոր պատասխան քայլերին՝ ընդգծելով, որ Պուտինի գործողությունները միայն կհանգեցնեն իր սահմանների մոտ դաշինքի ներկայության ընդլայնմանը։
Անդրադառնալով ռուսական ինքնաթիռների և անօդաչուների կողմից օդային սահմանների խախտումներին՝ Յունսոնը հայտարարել է, որ դրանց խոցման որոշումը պետք է կայացնի ոչ թե բյուրոկրատը, այլ գործողության հրամանատարը։ «Շվեդիայում գործում է սկզբունք. եթե մեր օդային տարածքը խախտվում է, հրամանատարները լիազորված են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մենք կպաշտպանենք մեր տարածքային ամբողջականությունը և շվեդական հողը»,- ընդգծել է նա։
Նախարարի խոսքով՝ Պուտինը հասկանում է միայն ուժի լեզուն, և նման պայմաններում «լավ ցանկապատները լավ հարևաններ են դարձնում»։ Նա նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ուկրաինա Ռուսաստանի ապօրինի ներխուժման ուղղակի հետևանքն է։ «Սա նշանակում է, որ ով սադրում է, պետք է սպասի պատասխանի։ Էսկալացիայի պատճառը ոչ թե ՆԱՏՕ-ն է, այլ Ռուսաստանը», - հավելել է Յունսոնը։
Խոսելով ուկրաինական հակամարտության մասին՝ Շվեդիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ոչ ոք չի կարող պնդել, թե Ռուսաստանը հաղթում է այս պատերազմում։ Նրա գնահատմամբ՝ Պուտինը նշանակալի հաջողությունների չի հասնում, իսկ ռուսական տնտեսությունն արյունաքամ է լինում։ «Բացարձակապես պարզ է մի բան. ի վերջո, ուկրաինացիները պետք է հնարավորություն ունենան բանակցել ուժի դիրքերից։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ մենք հիմա ուժեղացնենք Կիևին՝ ցուցաբերելով համակողմանի աջակցություն»,- ասել է նա։
Յունսոնը նաև կարծիք է հայտնել, որ թեև Գերմանիան, Նիդերլանդները և հյուսիսբալթյան երկրները զգալի աջակցություն են ցուցաբերում, ցանկալի կլիներ, որ ամբողջ Եվրոպան միանար այդ գործընթացին։ Նա բաց է համարել սառեցված ռուսական ակտիվներն ուկրաինական պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու համար օգտագործելու գաղափարը։
Ինչ վերաբերում է Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորությանը, Յունսոնը նշել է, որ դա կարող է քննարկվել հրադադարից կամ խաղաղության համաձայնագրից հետո՝ զինված ուժերի վերականգնմանն աջակցելու և խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ «Ի վերջո, անվտանգության լավագույն երաշխիքն ուժեղ ուկրաինական բանակն է»,- եզրափակել է նա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել