Մոսկվայում կայացել է Պուտինի և Ալ-Շարաայի հանդիպումը
15 ՀՈԿ 2025 12:20

Մոսկվայում կայացել է Պուտինի և Ալ-Շարաայի հանդիպումը
15 ՀՈԿ 2025 12:20
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Կրեմլում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշանավորելով երկու երկրների հարաբերություններում նոր փուլի մեկնարկը՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումից հետո։ Բանակցությունների հիմնական լեյտմոտիվը դարձել է Դամասկոսի հստակ մտադրությունը՝ վերագործարկել հարաբերությունները Մոսկվայի հետ և հիմք դնել ապագա համագործակցության համար։
Իր խոսքում աշ-Շարաան ընդգծել է, որ Սիրիայի նոր իշխանությունները մտադիր են վերականգնել և վերաիմաստավորել կապերը Ռուսաստանի հետ։ «Սիրիան կփորձի վերստեղծել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ... Այժմ ամենակարևորը, իհարկե, կայունությունն է։ Կայունություն՝ թե՛ երկրում, թե՛ ամբողջ տարածաշրրջանում»,— ասել է նա։ Սիրիայի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանին և Սիրիային կապում են «պատմական կապեր», և որ Մոսկվան «լուրջ դերակատարում» է ունենալու նոր Սիրիայի զարգացման գործում։ Նա նաև հավելել է, որ «Սիրիան հենվում է բազմաթիվ ձեռքբերումների վրա, որոնց Ռուսաստանը թույլ է տվել հասնել տարբեր ոլորտներում»։
Իր հերթին, նախագահ Պուտինը նշել է, որ Սիրիան «դժվարին ժամանակներ» է ապրում, սակայն հույս է հայտնել, որ վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունները կամրապնդեն համագործակցությունը երկրի բոլոր քաղաքական ուժերի միջև։ Ռուսաստանի ղեկավարը հատուկ ընդգծել է պատմական համատեքստը՝ պնդելով, որ իր պատմության ընթացքում Ռուսաստանը Սիրիայի հետ հարաբերություններում «միշտ առաջնորդվել է Սիրիայի ժողովրդի շահերով, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ»։
Անդրադառնալով ապագային, աշ-Շարաան վստահեցրել է, որ Սիրիան հարգում է Մոսկվայի և Դամասկոսի միջև նախկինում կնքված բոլոր համաձայնագրերը և ձգտում է «սահմանել երկկողմ հարաբերությունների նոր բնույթ»։ Փաստացի, հանդիպումը դարձավ երկու կողմերի պատրաստակամության հրապարակային դրսևորում՝ հակառակ Սիրիայում իշխանության փոփոխությանը՝ պահպանելու գործընկերությունը, միևնույն ժամանակ այն հարմարեցնելով տարածաշրջանում ձևավորված նոր իրողություններին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել