Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը
24 ՆՈՅ 2025 12:43

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը
24 ՆՈՅ 2025 12:43
Կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը, որի առանցքում եղել են երկկողմ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները, այդ թվում՝ ամերիկյան կողմի վերջին առաջարկությունների համատեքստում։
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Պուտինը, անդրադառնալով խաղաղ կարգավորման վերաբերյալ ամերիկյան առաջարկություններին, նշել է, որ դրանք, այն տարբերակով, որին ռուսական կողմը ծանոթացել է, համահունչ են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի քննարկումներին։
Ըստ Պուտինի՝ այդ առաջարկությունները «սկզբունքորեն կարող են հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար»։ Նա վերահաստատել է ռուսական կողմի շահագրգռվածությունը՝ ուկրաինական ճգնաժամին քաղաքական-դիվանագիտական լուծում տալու հարցում։
Իր հերթին, նախագահ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել բանակցային գործընթացին և վերահաստատել է իր մտադրությունը՝ այդ նպատակով կրկին տրամադրել ստամբուլյան հարթակը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել ռուս-թուրքական շփումները ուկրաինական հարցի շուրջ տարբեր մակարդակներում։
Բացի ուկրաինական թեմայից, նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության արդիական հարցեր՝ շեշտադրելով առևտրային-ներդրումային կապերի հետագա ընդլայնման և էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակության նախագծերի իրականացման կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նաև կիսվել է Յոհաննեսբուրգում կայացած «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին իր այցի և մասնակից մի շարք երկրների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքներով ու տպավորություններով։
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել պահպանել կանոնավոր շփումները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար