Պուտինը 135 հազար մարդու աշնանային զորակոչի հրամանագիր է ստորագրել
30 ՍԵՊ 2025 06:53

Պուտինը 135 հազար մարդու աշնանային զորակոչի հրամանագիր է ստորագրել
30 ՍԵՊ 2025 06:53
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2025 թվականի աշնանային զորակոչի մասին հրամանագիրը, որը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին և կտևի մինչև դեկտեմբերի 31-ը։ Համաձայն իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթի, նախատեսվում է ժամկետային ծառայության զորակոչել 135 հազար մարդ։ Սա աշնանային զորակոչի համար ռեկորդային ցուցանիշ է 2016 թվականից ի վեր, երբ բանակ էր ուղարկվել 152 հազար նորակոչիկ։
Զորակոչիկների թվի ավելացման միտումը նկատելի էր դեռևս 2025 թվականի գարնանը, երբ զորակոչվեց 160 հազար մարդ, ինչը 2011 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն էր։ Այս ֆոնին Պետդուման սեպտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունել է ամբողջ տարվա ընթացքում զորակոչի անցկացման մասին օրինագիծ։ Սա նշանակում է, որ զորակոչային հանձնաժողովները կգործեն շուրջ տարի, սակայն զորակոչիկներին բանակ ուղարկելու գործընթացը կպահպանի իր նախկին գրաֆիկը՝ տարին երկու անգամ՝ ապրիլի 1-ից հուլիսի 15-ը և հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը։
Աշնանային զորակոչի գլխավոր նորամուծություններից է էլեկտրոնային ծանուցագրերի համակարգի ներդրումը։ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ Մոսկվայում, ինչպես նաև Ռյազանի և Սախալինի մարզերում ծանուցագրերը կուղարկվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Մնացած տարածաշրջաններում քաղաքացիները կստանան ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային ծանուցագրեր։
Նոր կանոնները զգալիորեն խստացնում են զորակոչից խուսափելու դեպքում պատասխանատվությունը։ Ծանուցագիրը ստանալու օրվանից քաղաքացուն արգելվում է լքել ՌԴ տարածքը մինչև զինկոմիսարիատ ներկայանալը։ Ընդ որում, համակարգը նախատեսված է այնպես, որ անհնար լինի խուսափել ծանուցագիրը ստանալու փաստից։ Եթե նույնիսկ քաղաքացին ջնջել է իր «Գոսուսլուգիի» (Պետական ծառայություններ) հաշիվը, տան դուռը չի բացում կամ չի գնում աշխատանքի, ծանուցագիրը կհամարվի հանձնված «ծանուցագրերի նոր ռեեստրում տեղադրվելուց 7 օր հետո»։
Այն քաղաքացիների համար, ովքեր առանց հարգելի պատճառի չեն ներկայանա զինկոմիսարիատ ծանուցագրում նշված օրվանից 20 օրվա ընթացքում, կկիրառվեն պատասխանատվության մի շարք գործիքներ։ Նրանց կարգելվի վարկեր վերցնել, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ գրանցման գործողություններ կատարել, գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր կամ ինքնազբաղված։ Բացի այդ, կսահմանափակվի նրանց՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել