Մահացել է Փոլ Իգնեյշըսը՝ ամենաբարձրաստիճան հայը
Գրանցվել
Գրանցվել
Մահացել է Փոլ Իգնեյշըսը՝ ԱՄՆ պատմության ամենաբարձրաստիճան հայազգի զինվորականը
8 ՆՈՅ 2025 12:14
Մահացել է Փոլ Իգնեյշըսը՝ ԱՄՆ պատմության ամենաբարձրաստիճան հայազգի զինվորականը

Մահացել է Փոլ Իգնեյշըսը՝ ԱՄՆ պատմության ամենաբարձրաստիճան հայազգի զինվորականը

8 ՆՈՅ 2025 12:14
Նոյեմբերի 6-ին, գրեթե 105 տարեկան հասակում, Վաշինգտոնում կյանքից հեռացել է Փոլ Ռոբերտ Իգնեյշըսը (Իգնատոսյան)՝ հայազգի ամերիկացի նշանավոր պետական գործիչ, որն իր անունը ոսկե տառերով է գրել Միացյալ Նահանգների պատմության մեջ։ Լինելով ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար (1967-1969), պաշտպանության նախարարի օգնական նախագահ Լինդոն Ջոնսոնի օրոք և «Վաշինգտոն Փոստ» հեղինակավոր օրաթերթի նախագահ՝ նա դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձր ռազմական պաշտոններ զբաղեցրած հայորդին։ Նրա անգերազանցելի ժառանգության խորհրդանիշն է ամերիկյան նավատորմի հզորագույն ռազմանավերից մեկը՝ USS Paul Ignatius (DDG-117) ականակիրը, որը կրում է նրա անունը։
Փոլ Ռոբերտ Իգնեյշըսը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 11-ին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում, հայ ներգաղթյալների՝ Հովսեփ Իգնատոսյանի և Էլիզա Ժամկոչյանի ընտանիքում։ Նրա հայրը՝ Հովսեփը, 1904 թվականին Արևմտյան Հայաստանից երեք եղբայրների հետ գաղթել էր ԱՄՆ և հաստատվել Փիթսբուրգում, որտեղ էլ ընտանիքը ստիպված էր եղել ազգանվան «յան» վերջավորությունը հանել։ Մայրը՝ Էլիզան, նույնպես Արևմտյան Հայաստանից էր, ում ընտանիքը նախ Անգլիա էր գաղթել, ապա՝ 1911-ին հաստատվել Կալիֆոռնիայում։
Փոլ Իգնեյշըսը փայլուն կրթություն է ստացել՝ ավարտելով Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը և Հարվարդի բիզնես դպրոցը։ Նախքան պետական ծառայության անցնելը՝ նա հիմնադրել է կառավարման խորհրդատվական «Հարբրիջ հաուզ» ընկերությունը։
Ինչպես տասնյակ հազարավոր ամերիկահայեր, Իգնեյշըսը ևս իր պարտքն է կատարել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ լեյտենանտի կոչումով ծառայելով ԱՄՆ ռազմածովային ուժերում։ Նրա ծառայությունն անցել է «Մանիլա բեյ» ավիակրի վրա, որի կազմում նա մասնակցել է պատերազմի խոշորագույն ծովամարտին՝ Ֆիլիպիններում Լեյտե ծովածոցի ճակատամարտին։
Նա վերապրել է պատերազմի սարսափները, երբ ճապոնական հզոր նավատորմը գրոհել է նրանց ավիակիրների խմբի վրա։ «Այդ ժամանակ ճապոնական ռազմանավերից երկուսը աշխարհի ամենամեծ ռազմանավերն էին», - տարիներ անց պատմել է նա։ «Ամերիկյան ռազմանավերից մի քանիսը ջրասույզ եղան... Երկար և դաժան կոտորած էր»։
Ավելի ուշ, Լինգայեն ծովածոցում, Իգնեյշըսի նավը ենթարկվել է երկու ճապոնական կամիկաձե-օդաչուների հարձակմանը։ Օդանավերից մեկը բախվել է ավիակրի տախտակամածին և պայթել։ «Մենք հիանալի նավապետ ունեինք և կարողացանք հանգցնել հրդեհը, քանի դեռ այն չէր հասել ավիավառելիքին և զինամթերքին», - հիշում էր նա։ Անձնակազմի հերոսության շնորհիվ նավը փրկվել է։
Պատերազմից հետո Իգնեյշըսը սկսեց իր փայլուն կարիերան ԱՄՆ պաշտպանության նախարարությունում։ 1961 թվականին՝ նախագահ Ջոն Քենեդիի օրոք, նա նշանակվեց պաշտպանության նախարարի օգնական նյութատեխնիկական ապահովման գծով։ Նախագահ Լինդոն Ջոնսոնի կառավարման տարիներին նրա վերելքը շարունակվեց. նա զբաղեցրեց ԱՄՆ բանակի փոխնախարարի պաշտոնը, ապա՝ 1967 թվականի սեպտեմբերի 1-ին հասավ իր կարիերայի գագաթնակետին՝ նշանակվելով ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար։ Այս պաշտոնը նա զբաղեցրեց մինչև 1969 թվականի հունվարը՝ ամերիկյան պատմության ամենաբարդ շրջաններից մեկում՝ Վիետնամի պատերազմի թեժ փուլում։
Պետական ծառայությունից հետո Իգնեյշըսի գործունեությունը շարունակվեց քաղաքացիական կյանքում։ Նա երկու տարի ղեկավարեց ԱՄՆ ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկը՝ «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը, այնուհետև 15 տարի շարունակ եղել է «Օդային փոխադրական ընկերակցության» նախագահը։
Նա նաև հեղինակել է երկու գիրք՝ «Դիրքերում։ Կյանքս ռազմածովային նավատորմում, կառավարությունում և բիզնեսում» և «Այժմ ես մասամբ գիտեմ։ Մեծանալ-հասունանալու պատմվածքներ» ինքնակենսագրական հատորը, որտեղ պատմում է իր մանկության և ընտանիքի անցած ուղու մասին։
Փոլ Իգնեյշըսը ոչ միայն փայլուն գործիչ էր, այլև ընտանիքի հայր։ Իր տիկնոջ՝ Նենսիի հետ նրանք ունեցել են չորս զավակ, որոնք շարունակել են ընտանեկան ավանդույթները՝ հասնելով մեծ հաջողությունների։ Նրա որդիներից Դեյվիդ Իգնեյշըսը «Վաշինգտոն Փոստ»-ի հայտնի սյունակագիր և վիպասան է, իսկ Էդին՝ «Հարվարդ բիզնես ռիվյուի» գլխավոր խմբագիրը։ Դուստրերից Սարան Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) գործադիր տնօրենն է, իսկ Էյմին՝ Նյու Հեմպշիր նահանգի Գերագույն դատարանի դատավոր։
2006 թվականին, 86 տարեկանում, Փոլ Իգնեյշըսն իրականացրեց իր կյանքի կարևորագույն ուղևորություններից մեկը՝ զավակների հետ այցելելով իր պապենական հողը՝ Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքը։ Տեսնելով ավերված հայկական եկեղեցիներն ու դպրոցները՝ նա խառը զգացումներ ապրեց՝ տխրություն և միևնույն ժամանակ հպարտություն իր արմատների համար։ Այդ այցը դարձավ հզոր կապող օղակ անցյալի և ներկայի միջև՝ ամբողջացնելով մի մարդու կյանքի պատմությունը, ով, ծնվելով օվկիանոսից այն կողմ, երբեք չմոռացավ իր հայկական ինքնությունը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել