Կոռուպցիա և ժառանգության ոչնչացում փայլուն ճակատի հետևում
Գրանցվել
Գրանցվել
Փայլուն ճակատի հետևում՝ կոռուպցիա և ժառանգության ոչնչացում
3 ՀՈԿ 2025 15:10
Փայլուն ճակատի հետևում՝ կոռուպցիա և ժառանգության ոչնչացում

Փայլուն ճակատի հետևում՝ կոռուպցիա և ժառանգության ոչնչացում

3 ՀՈԿ 2025 15:10
2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա լիակատար վերահսկողություն հաստատելուց և բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո, Ադրբեջանը ձեռնամուխ եղավ լայնածավալ շինարարական աշխատանքների՝ տարածաշրջանը վերածելով իշխող վարչակարգի ձեռքբերումների փայլուն ցուցափեղկի։ Սակայն, ինչպես նշվում է Meduza-ի հրապարակած մանրամասն հոդվածում, այս «վերականգնման» շքեղ ճակատի հետևում թաքնված են բազմաթիվ խորքային խնդիրներ՝ համատարած կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ու պատմական ժառանգության հետևողական ոչնչացում։
Պաշտոնական Բաքուն հայտարարում է տարածաշրջանում միլիարդավոր դոլարների ներդրումների մասին՝ ճանապարհների, քաղաքների, «խելացի գյուղերի» և նույնիսկ մի քանի միջազգային օդանավակայանների կառուցման համար։ Այս ծրագրերը, որոնք ներկայացվում են «Մեծ վերադարձ» հավակնոտ անվան տակ, ակտիվորեն լուսաբանվում են պետական լրատվամիջոցներով՝ ստեղծելով բարգավաճող տարածաշրջանի պատրանք։ Վերջին չորս տարում, ըստ Ալիևի, Ղարաբաղում ներդրվել է 10,3 միլիարդ դոլար, իսկ 2025-ին նախատեսվում է հատկացնել ևս 4 միլիարդ մանաթ (երկրի բյուջեի 10%-ը)։
Սակայն անկախ լրատվամիջոցների, ինչպիսին է Abzas media-ն, հետաքննությունները բացահայտում են բոլորովին այլ պատկեր։ Նորաբնակ ադրբեջանցիները հաճախ բողոքում են կառուցված տների անմխիթար որակից։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է կառուցված տան աստիճանավանդակը տանում ոչ թե դեպի դուռը, այլ դռնից մեկ մետր հեռու գտնվող պատը։ Իսկ որոշ բնակավայրերում անձրևների հետևանքով ճանապարհները քանդվել և լվացվել են։
Հետաքննությունների համաձայն՝ շինարարության և հողերի տրամադրման հսկայական պայմանագրերը, հաճախ առանց մրցույթի, հայտնվում են իշխող վերնախավի՝ մասնավորապես Ալիևների ընտանիքի և նրա մերձավոր շրջապատի հետ փոխկապակցված ընկերությունների ձեռքում։ Օրինակ, Pasha Holding-ը, որը կապված է Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի (օրիորդական ազգանունը՝ Փաշաևա) ընտանիքի հետ, ստացել է Աղդամում՝ օկուպացված Ակնայում, բնակելի համալիրի և երկու հյուրանոցի կառուցման պայմանագրերը։ Այլ ընկերություններ, որոնք կապված են Ալիևի դուստրերի՝ Լեյլայի և Արզուի հետ, ստանում են ամենաբերրի հողատարածքները։ Նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի ընտանիքի հետ կապված ընկերություններն են շինարարական պայմանագրեր ստացել։
Այս ամենի ֆոնին, տարածաշրջան վերադարձած ադրբեջանցի փախստականները չեն ստանում իրենց նախկին հողերի սեփականության իրավունքը, այլ միայն կարող են դրանք վարձակալել այն ընկերություններից, որոնք փաստացի պատկանում են իշխանական էլիտային։
«Վերականգնման» ամենաողբերգական կողմը հայկական մշակութային և պատմական ժառանգության համակարգված ոչնչացումն է։ Caucasus Heritage Watch (CHW) նախագծի արբանյակային լուսանկարները և մոնիթորինգը փաստում են, որ տասնյակ հայկական եկեղեցիներ, հին գերեզմանոցներ և նույնիսկ ամբողջական գյուղեր պարզապես հողին են հավասարեցվում։ Այդ թվում՝ ամբողջությամբ քանդվել է Շուշիի 19-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), ոչնչացվել է Շուշիի 17-19-րդ դարերի հայկական գերեզմանոցը, իսկ Քարին տակ գյուղի տեղում, որը նույնպես ամբողջությամբ ավերվել է, Իլհամ Ալիևի մասնակցությամբ մզկիթի հիմնարկեք է տեղի ունեցել։
Bellingcat-ի հետաքննությունը նաև ցույց է տվել, որ Ստեփանակերտում (որը ադրբեջանցիներն անվանում են Խանքենդի) բազմաթիվ բնակելի շենքեր են քանդվել։
Այն հուշարձանները, որոնք հնարավոր չէ քանդել, ադրբեջանական իշխանությունները վերանվանում են «աղվանական ժառանգություն»՝ փորձելով ջնջել դրանց հայկական ծագումը և իրականացնելով պատմական կեղծիքի պետական քաղաքականություն։ Այս ամենը զուգորդվում է պետական մակարդակով հայատյացության քարոզով։
Միևնույն ժամանակ, տարածաշրջան մուտքը միջազգային դիտորդների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար, շարունակում է փակ մնալ, իսկ կոռուպցիոն սխեմաները հետաքննող լրագրողները, ինչպես «Abzas media»-ի դեպքում, ենթարկվում են դաժան ճնշումների և բանտարկվում։
Այսպիսով, միլիարդավոր դոլարների ներդրումների և շքեղ շինարարության հետևում թաքնված է մի իրականություն, որտեղ կոռուպցիան զուգորդվում է հայկական քաղաքակրթական հետքի հետևողական ոչնչացման հետ՝ միջազգային հանրության լռության պայմաններում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել