Փաշինյանը՝ Սարգսյանին. Ձեր թողած ՀՕՊ-ը «մետալալոմ» էր
8 ՆՈՅ 2025 07:27

Փաշինյանը՝ Սարգսյանին. Ձեր թողած ՀՕՊ-ը «մետալալոմ» էր
8 ՆՈՅ 2025 07:27
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր սոցիալական էջերում կատարած մի շարք գրառումներով, արձագանքել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի, բանակի մարտունակության, ՀՕՊ համակարգերի և բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցված քննադատություններին։ Վարչապետը ոչ միայն հերքել է իրեն ուղղված մեղադրանքները, այլև հակադարձ մեղադրանքներ է ներկայացրել նախկին իշխանություններին՝ խոստանալով մինչև տարեվերջ հրապարակել բանակցային գործընթացի առանցքային փաստաթղթերը։
«Ձեր Թողած ՀՕՊ Համակարգը Մետալալոմ Էր»
Արձագանքելով Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե անհասկանալի է, թե ինչպես 44-օրյա պատերազմի հենց առաջին ժամերին հնարավոր եղավ կորցնել ՀՕՊ միջոցների կեսը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018 թվականին ժառանգած հակաօդային պաշտպանության համակարգը եղել է «մետալալոմ»։ «Ի՞նչ կա չհասկանալու․ ձեր թողած ՀՕՊ համակարգը, ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ ՀՕՊ համակարգը մետալալոմ էր։ Բառիս բուն իմաստով մետալալոմ»,- գրել է նա։ Վարչապետի խոսքով՝ այդ համակարգը նորացնելու Հայաստանի հայցերին դաշնակիցները պատասխանել են «երեք մատի կոմբինացիայով»։ Նա պնդում է, որ նույնպիսի վերաբերմունքի են արժանացել նաև նախկին իշխանությունները. «Ձեզ էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան առկա կլիներ»։ Փաշինյանի գնահատմամբ՝ դաշնակիցները տրամադրում էին միայն «սիմվոլիկ մեկ-երկու բան», որը կազմում էր անհրաժեշտի 0.1 տոկոսը՝ հետագայում մատնանշելու հնարավորություն ունենալու համար։
Նա նաև նշել է, որ ոչ դաշնակից երկրները ևս մերժում էին զենք տրամադրել՝ մատնանշելով երկու հիմնական հանգամանք.
1. Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
2. Այն մտավախությունը, որ տրամադրվող միջոցները կարող էին տեղակայվել Հայաստանի ինքնիշխան տարածք չհանդիսացող վայրերում։
Վարչապետը եզրափակել է այս թեման՝ նշելով, որ իր կառավարությունը փորձել է ձեռք բերել այն, ինչ հնարավոր էր՝ առաջնորդվելով նախկին իշխանությունների կողմից նշանակված բարձրաստիճան զինվորականների խորհուրդներով։ Նա նաև ուղիղ եթերում բանավեճի հրավեր է ուղղել Սերժ Սարգսյանին։
Բանակցային Գործընթացի Փաստաթղթերը Կհրապարակվեն
Ի պատասխան բանակցային փաստաթղթերի շուրջ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունների՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային պատմության առանցքային փաստաթղթերը, այդ թվում՝ 2019 թվականին վերաբերողները։ «Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչեւ տարվա վերջ հրապարակելու եմ», – նշել է նա։ Փաշինյանը հավելել է, որ փաստաթղթերի շարքում կլինի նաև Սերժ Սարգսյանի գրած մի նամակ։
Բանակի Իրական Վիճակը 2018-ին․ Փաշինյանը վկա է բերում հենց Սարգսյանին
Թաշինյանը անդրադարձել է նաև այն տպավորությանը, թե 2018-2020 թվականներին իր կառավարությունը «կազմաքանդել է բանակը»։ Որպես հակափաստարկ՝ նա մեջբերել է Սերժ Սարգսյանի 2018 թվականի ապրիլի 17-ի ելույթը Ազգային ժողովում, երբ վերջինս, որպես վարչապետի թեկնածու, խոսում էր բանակի բարեփոխումների անհրաժեշտության մասին։
Սերժ Սարգսյանի խոսքը, ըստ Փաշինյանի մեջբերման, հետևյալն է. «Հաջորդ դասն այն է, որ մենք շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն...»։ Փաշինյանը շեշտում է, որ եթե բանակի վիճակն իրապես լավ լիներ, ապա Սարգսյանը 2018 թվականին պետք է խոսեր ոչ թե ապառնի, այլ անցյալ ժամանակով՝ նշելով արդեն իսկ կատարված աշխատանքների մասին։ «Բա եթե 2020-ից հետո բանակի մասին ասածներիդ թեկուզ մի փոքր մասը ճիշտ էր, դու 2018-ին ուրիշ բան պիտի ասեիր», – նշում է նա։ Վարչապետի եզրահանգմամբ՝ այս մեջբերումն ապացուցում է, որ Սերժ Սարգսյանը քաջատեղյակ էր բանակում առկա լրջագույն խնդիրներին։ «Բա ինչու՞ էդպես չես ասել, որովհետեւ իմացել ես, որ բանակի փոխարեն բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես 2018 թվականի դրությամբ եւ ոչ թե բանակ», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել