Հայաստան-Ղազախստան. Օդային հաղորդակցության զարգացում
Հայաստանն ու Ղազախստանը կփորձեն զարգացնել օդային հաղորդակցությունը
21 ՆՈՅ 2025 11:24
Հայաստանն ու Ղազախստանը կփորձեն զարգացնել օդային հաղորդակցությունը

Հայաստանն ու Ղազախստանը կփորձեն զարգացնել օդային հաղորդակցությունը

21 ՆՈՅ 2025 11:24
Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը շատ ավելի մեծ է, քան առկա ցուցանիշները, և դրա իրացման համար անհրաժեշտ է վերականգնել ուղիղ օդային հաղորդակցությունը։ Թեման քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի՝ Աստանայում կայացած հանդիպման ընթացքում։
Ինչպես Աստանայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, երկու երկրների կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են տնտեսական կապերի խորացման հեռանկարներին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ թեև առկա դինամիկան վատ չէ, սակայն երկար տարիներ տրանսպորտային սահմանափակումները խոչընդոտել են երկկողմ հսկայական ներուժի լիարժեք օգտագործմանը։
«Հիմա տրանսպորտային նոր հնարավորություններ են բացվում։ Նախագահ Տոկաևի հետ առիթ ունեցանք քննարկելու մեր երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հարցը, և այդտեղ էլ շնորհակալ կլինեմ Ձեր աջակցության համար»,- դիմելով իր գործընկերոջը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանում ավիափոխադրումների ոլորտում ակտիվ զարգացումներ են տեղի ունենում, սակայն շուկան դեռևս կայացման փուլում է։ Այս համատեքստում ՀՀ վարչապետը կոչ է արել ղազախական ավիաընկերություններին նախաձեռնողականություն ցուցաբերել՝ վստահեցնելով, որ հայաստանյան ընկերությունների ուշադրությունը ևս կհրավիրվի այս հնարավորությունների վրա։
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում առկա է շատ լավ քաղաքական, տնտեսական և մշակութային մթնոլորտ, սակայն ավելին անելու տեղ կա։ «Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք համատեղ զարգացնել այս իրավիճակը», - եզրափակել է նա՝ վերահաստատելով տնտեսական կապերի ակտիվացման հանձնառությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար