«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, փախստականների վերադարձն իրատեսական չէ․Փաշինյան
30 ՍԵՊ 2025 13:25

«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, փախստականների վերադարձն իրատեսական չէ․Փաշինյան
30 ՍԵՊ 2025 13:25
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամբիոնից ունեցած ելույթի և պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ հստակեցնելով Հայաստանի դիրքորոշումները խաղաղության գործընթացի, տարածաշրջանային հաղորդակցությունների և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրների վերաբերյալ։ Նա կտրականապես մերժել է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, անիրատեսական համարել փախստականների վերադարձը և պարզաբանել Սահմանադրության փոփոխությունների շուրջ ընթացող քննարկումների դրդապատճառները։
Պատասխանելով այն մտահոգություններին, թե Սահմանադրության փոփոխությունները կարող են կապված լինել խաղաղության պայմանագրի հետ, ՀՀ վարչապետը հերքել է այդ կապը։ Նա ընդգծել է, որ սա բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է։ «Սահմանադրությունը քննարկում ենք մեր ներքին օրակարգի շրջանակում, չենք քննարկում փոփոխությունների հարցը, որովհետև դրա կարիքը խաղաղության համաձայնագրի համատեքստում չկա», - ասել է նա։
Վարչապետը խիստ է արձագանքել ԵԽԽՎ պատգամավորներից մեկի կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործմանը՝ այն որակելով ապալեգիտիմ և Հայաստանի ինքնիշխանության խախտում։ «Օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, բայց որտեղի՞ց այն Ձեզ։ Նման արտահայտություն չկա, չի եղել և չի լինելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված որևէ փաստաթղթում», - հայտարարել է նա։
Փաշինյանը շեշտել է, որ պետք է օգտագործել միայն համաձայնեցված բառապաշար, ինչպիսին, օրինակ, TRIPP-ն է, որը հիշատակվել է վաշինգտոնյան փաստաթղթերում։ Նա պահանջել է պարզաբանել, թե ինչ է նկատի առնվում «միջանցք» ասելով և քարտեզի վրա ցույց տալ այն։ Եթե խոսքը Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին է, ապա, ըստ վարչապետի, որևէ մեկն իրավունք չունի այդ տարածքի վրա դնել անուն, որն ընդունված չէ Հայաստանի կողմից։ «Ես խստորեն դատապարտում եմ ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումն այս դահլիճում», - ընդգծել է Փաշինյանը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանը տվել է միանշանակ գնահատական՝ այն համարելով անիրատեսական։ Նա հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ սկսել է բնակապահովման ծրագիր նրանց համար։ «ԼՂ-ի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում։ ...Ուղիղ ասում եմ՝ ես վերադարձը իրատեսական չեմ համարում», - հայտարարել է նա։
Ավելին, վարչապետը զգուշացրել է, որ փախստականների վերադարձի թեմայի շահարկումը կարող է վտանգել խաղաղության գործընթացը։ «Բոլոր փախստականների վերադարձի թեման այս համատեքստում ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկտներն, այդ թվում՝ ԼՂ կոնֆլիկտը, սկսվել է, թվում է, հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ, և վերաճել բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի», - եզրափակել է նա՝ կոչ անելով խուսափել նոր հակամարտությունների հրահրումից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել