Փաշինյան. Հայաստանը ժողովրդավար է, խաղաղությունը՝ նորածին
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանը ժողովրդավար է, իսկ խաղաղությունը՝ «նորածին»․ Փաշինյան
30 ՍԵՊ 2025 10:47
Հայաստանը ժողովրդավար է, իսկ խաղաղությունը՝ «նորածին»․ Փաշինյան

Հայաստանը ժողովրդավար է, իսկ խաղաղությունը՝ «նորածին»․ Փաշինյան

30 ՍԵՊ 2025 10:47
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հեղափոխությունից ավելի քան յոթ տարի անց զբաղեցնում է իր համեստ, բայց ամուր տեղը Եվրոպայի ժողովրդավար երկրների շարքում։
Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, որը, սակայն, դեռևս շատ փխրուն է։ Վարչապետը խաղաղության ներկա վիճակը նկարագրել է խորհրդանշական մակդիրով. «Մեր նորածին խաղաղությունն այսօր արդեն 1 ամիս 22 օրական է»։ Նա կոչ է արել խնամքով վերաբերվել այս փխրուն ձեռքբերմանը՝ հավելելով․ «Խանդաղատանքով պիտի վերաբերվենք նրան, սիրենք ու հոգ տանենք նրա մասին, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա, և իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը»։
Փաշինյանը վստահեցրել է, որ ժողովրդավարությունը Հայաստանում հուսալի ձեռքերում է, և երկիրը վերջին տարիներին արձանագրել է աննախադեպ առաջընթաց պետականության և ինքնիշխանության ամրապնդման գործում։ «Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան՝ երբևէ, ավելի պետություն է, քան՝ երբևէ, ավելի ինքնիշխան է, քան՝ երբևէ, ավելի ժողովրդավար է, քան՝ երբևէ», - հայտարարել է նա։
Փաշինյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին՝ այն որակելով որպես հիբրիդային պատերազմի մաս, որի թիրախում եղել են Հայաստանի պետականությունն ու անկախությունը։ Նրա խոսքով, պատերազմն ու ապատեղեկատվությունը այն գործիքներն էին, որոնցով հակաժողովրդավարական ուժերը պահանջում էին իշխանության հանձնում։
Որպես ներքին ժողովրդավարացման կարևորագույն ձեռքբերում՝ Փաշինյանը նշել է այն փաստը, որ Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է «հետընտրական պրոցես» հասկացությունը։ Եթե մինչև 2018 թվականը մարդիկ փոփոխությունների հույսը կապում էին ընտրություններից հետո սպասվող բողոքի ցույցերի հետ՝ իմանալով, որ ընտրությունները կեղծվելու են, ապա այսօր իրավիճակը փոխվել է։ Նոր Հայաստանում մեծ տեղ է տրվում հատկապես կին գործիչների դերին, ասել է Փաշինյանը։ «Մեր երկրի խրոհրդարանում կին պատգամավորների թիվը երբեք այնքան մեծ չի եղել, որքան՝ այսօր, կին նախարարների թիվը կառավարությունում երբեք այնքան շատ չի եղել, որքան՝ այսօր, ՆԳՆ-ն, Դատախազությունը, Արտաքին հետախուզական ծառայությունը կանայք են ղեկավարում, ինչը նախադեպ է մեր պատմության համար», ԵԽԽՎ-ում ասել է Փաշինյանը
Ելույթն ամփոփելով՝ վարչապետը վերահաստատել է իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին։ «Ժողովրդավարությունը մեզ համար չափազանց թանկ է ու կարևոր, և մենք չենք կարող նմանվել նրանց, ովքեր ժողովրդավարության գործիքներն օգտագործում են ժողովրդավարությունը վնասելու համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել