Ճապոնիայի վարչապետը ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղությունը
4 ՍԵՊ 2025 07:01

Ճապոնիայի վարչապետը ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղությունը
4 ՍԵՊ 2025 07:01
Տոկիոյում՝ Կանտեյում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Շիգերու Իշիբան ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է Հայաստան - Ճապոնիա հարաբերությունների հետևողական զարգացման և փոխշահավետ համագործակցության խորացման համար։
Նա նշել է, որ Ճապոնիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը տարբեր ոլորտներում։
Միաժամանակ, Շիգերու Իշիբան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում կապահովվի երկարատև և կայուն խաղաղություն:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է նոր թափ հաղորդել Հայաստան - Ճապոնիա համագործակցությանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում։ Ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է երկկողմ գործարար համաժողով, որն իրապես կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ դրա արդյունքում ճապոնական բիզնեսի ներդրումները Հայաստանում էապես աճ կգրանցեն։
Երկրի ղեկավարը կարևորել է նաև նախորդ տարիների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև աղետների կանխարգելման, մարդկային ռեսուրսների զարգացման, ենթակառուցվածքների, փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման և այլ ոլորտներում հաստատված համագործակցությունը: Վարչապետը բարձր է գնահատել այս տարիների ընթացքում Ճապոնիայի ներգրավվածությունը Հայաստանում, այդ թվում` զարգացման և տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է գործընկերոջը «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսի հյուրընկալման և հաջող անցկացման առիթով։ Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը ցուցաբերած աջակցության համար: Կողմերը կարևորել են այս հարթակը՝ որպես Հայաստան- Ճապոնիա փոխգործակցության առաջմղման եզակի հնարավորություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - Ճապոնիա համագործակցության հիմնական ուղղությունները՝ տնտեսական կապերի և ներդրումային համագործակցության ընդլայնումը, կրթության, գիտության և մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում կապերի խորացում:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման հետագա քայլերի շուրջ:
Ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել