Փաշինյանը՝ Հայաստանը դուրս բերել ենք թակարդից
Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից․ Փաշինյան
3 ԴԵԿ 2025 08:15
Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից․ Փաշինյան

Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից․ Փաշինյան

3 ԴԵԿ 2025 08:15
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած նիստի ընթացքում, որտեղ քննարկվում էր 2026 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է երկրի տնտեսական ձեռքբերումներին, բյուջետային աճին և աշխարհաքաղաքական դիրքավորմանը։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ գոհ է Կառավարության աշխատանքից՝ այն գնահատելով «լավ»։
Ամենաուշագրավ համեմատությունը վերաբերել է 2017 և 2025 թվականների պետական բյուջեների հարկային եկամուտներին։ «Մենք վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով, և պիտի ասեմ, որ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրլ 542 մլն դրամով կամ 133 տոկոսով»,- նշել է վարչապետը։ Նա հատկապես կարևորել է այն փաստը, որ միայն բյուջեի ավելացած հատվածը՝ աճը, ինքնին ավելի մեծ գումար է կազմում, քան 2017 թվականի պետական բյուջեն ամբողջությամբ։
Փաշինյանը հիշեցրել է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տրված խոստումը, ըստ որի՝ կառավարությունը պարտավորվել էր ապահովել միջինում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ։ Վարչապետի պնդմամբ՝ այդ խոստումը ոչ միայն կատարվել է, այլև գերակատարվել։
«Այս խոստումը լիուլի կատարված է, որովհետև վստահ ենք, որ 5 տարիների արդյունքում նվազագույնը, ամենանվազ տարբերակն ասեմ, 7,5-7,6 տոկոս տնտեսական աճ կապահովենք»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ իրատեսական սցենարով միջին տարեկան աճը կարող է լինել ավելի բարձր։
Վիճակագրական տվյալները վկայում են, որ 2021-2024 թվականների ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 36,6 տոկոսով, ինչը, ըստ գործադիրի ղեկավարի, շատ լավ ցուցանիշ է։
Տնտեսական աճի սոցիալական ազդեցության մասին խոսելիս՝ վարչապետը վկայակոչել է Ջինիի գործակիցը, որը ցույց է տալիս եկամուտների բաշխման հավասարությունը։ Նա նշել է, որ վերջին ցուցանիշներով Հայաստանն էական բարելավում է արձանագրել, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող արդյունքն ու գումարները բաշխվում են հնարավորինս արդար և հավասարաչափ։
Ելույթի առանցքային քաղաքական ուղերձներից մեկը վերաբերել է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամենակարևորը սոսկ տնտեսական թվերը չեն, այլ այն ռազմավարական փոփոխությունը, որը տեղի է ունեցել երկրի կարգավիճակում։ «Ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից, Հայաստանը դուրս ենք բերել աշխարահաքաղաքական թակարդից»,- շեշտել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը դուրս է բերվել փակուղուց և հայտնվել մի իրավիճակում, որտեղ բոլոր ուղղություններով երկրի առջև բացվել են հեռանկարներ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար