Փաշինյանն առաջարկում է «ռազմավարական գործարք» Ադրբեջանին
4 ՆՈՅ 2025 09:07

Փաշինյանն առաջարկում է «ռազմավարական գործարք» Ադրբեջանին
4 ՆՈՅ 2025 09:07
Ես կարծում եմ, որ ընդհանրապես հիմա մենք եկել, հասել ենք մի կետի և հասունացել է այն օրակարգը, որը ինչ-որ առումով կարելի է անվանել նաև ռազմավարական գործարք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով Օրբելի ֆորում 2025-ում։ 
«Ո՞րն է և ո՞րը կարող է լինել այդ ռազմավարական գործարքը։ Իսկ գործարքի էությունը հետևյալն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, այսինքն, այն, ինչ ասացի, բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները՝ արդեն իսկ հռչակված Վաշինգտոնի հռչակագրի հիման վրա, իրականացնում են դելիմիտացիա արդեն իսկ համաձայնեցված կանոնակարգի հիման վրա, և հանգիստ են թողնում միմյանց։ Շատ պարզ բան։ Հանգիստ են թողնում միմյանց։
Այլ բան չկա անելու։ Ընդ որում, ես ուզում եմ արձանագրել, որ այս տեսլականը նաև արձանագրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրում, որի առաջին հոդվածն ասում է, մեջբերում եմ. «Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից, կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը»։ 
Այսինքն, ի՞նչ է ասում այս տեքստը։ Ասում է՝ Խորհրդային հանրապետությունները դարձել են պետություններ և համապատասխանաբար մենք այս հիմքի վրա միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը հարգում ենք։ Հաջորդը՝ ամբողջությամբ համապատասխանելով հոդված մեկին, կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի։ Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը և աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։ Ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի նախաբանում նույնպես հղում կա Ալմաթիի հռչակագրին։ Նկատի ունեմ՝ խաղաղության ճարտարապետությունը քաղաքական մակարդակում ամբողջությամբ կառուցված է։ 
Ես հիմա այլ հոդվածներ չեմ մեջբերի, բայց Վաշինգտոնի հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը, երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգը ամբողջությամբ գծել են այդ ճարտարապետությունը։ Այսինքն, քաղաքական մակարդակում մենք այստեղ խնդիրներ չունենք։ Մենք այստեղ խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Եվ սոցիալ-հոգեբանական մակարդակում գոյություն ունեցած խնդիրների մասին նույնիսկ դժվար է խոսել։ 
Դժվար է խոսել նույնիսկ քաղաքական առաջնորդների մասին։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է նաև խոսենք դրա մասին։ Ես, օրինակ, այդպիսի, այդպիսի մի վիճակագրություն եմ դուրս բերել, որը, իհարկե, դեռ փորձագիտական մակարդակով վերստուգման անհրաժեշտություն ունի, բայց առնվազն քաղաքական մակարդակով իմ տպավորությունները գնալով ավելի ու ավելի հիմնավոր են դառնում։ Ընդ որում, ես չեմ կարող և, չեմ ասի, թե այս շրջապտույթի մեկնարկային կետը որտե՞ղ է՝ Հայաստանո՞ւմ է, թե՞ Ադրբեջանում։ Մասնավորապես, ես մի այսպիսի ներքին կապ եմ, ներքին կապ եմ տեսել, որ, օրինակ, ինչքան Ադրբեջանում, օրինակ, հնչում է «Բասարգեչար» անունը, այնքան Հայաստանում հնչում է «Արցախ» անունը կամ, կամ, կամ, կամ, կամ Կովսական անունը»,- նշել է ՀՀ վարչապետը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել