Փարիզյան համաձայնագրից 10 տարի անց աշխարհը դեռ ձախողում է կլիմայի դեմ պայքարը
10 ՆՈՅ 2025 11:33

Փարիզյան համաձայնագրից 10 տարի անց աշխարհը դեռ ձախողում է կլիմայի դեմ պայքարը
10 ՆՈՅ 2025 11:33
Կլիմայի փոփոխության դեմ պայքարում շրջադարձային նշանակություն ունեցող Փարիզյան համաձայնագրի ստորագրումից անցել է 10 տարի։ Այն ժամանակ առաջին անգամ աշխարհի գրեթե 200 երկիր ստանձնեց պարտադիր պայմանագիր՝ գլոբալ տաքացումը 2 աստիճան Ցելսիուսից ցածր պահելու և մինչև դարավերջ այն 1,5 °C-ի սահմաններում պահպանելու ձգտումով։ Գիտնականները հենց այս շեմն էին համարում կրիտիկական, որի գերազանցումը կհանգեցնի անդառնալի վնասների։
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, համաշխարհային առաջնորդները հավաքվում են Բրազիլիայում՝ մասնակցելու կլիմայի հարցերով 30-րդ գագաթնաժողովին (COP30)։ Թե ինչին է հաջողվել հասնել այս տասնամյակի ընթացքում, ներկայացված է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) «Արտանետումների մակարդակների անհամապատասխանության մասին» 2025 թվականի զեկույցում։
Եվ այսպես, ի՞նչը չհաջողվեց։ Չնայած ջանքերին, երկրները շարունակում են օգտագործել նավթ, գազ և ածուխ, ինչի հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է՝ առաջացնելով մահացու փոթորիկներ, ջրհեղեղներ և անոմալ շոգ։ Վերջին տասնամյակը դարձել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգը։
2025 թվականին աշխարհն անցավ իր առաջին կլիմայական «անվերադարձ կետը»՝ օվկիանոսների տաքացումը հանգեցրեց կորալների զանգվածային ոչնչացման։ Վտանգավոր մոտ են նաև մյուս կրիտիկական շեմերը, ինչպիսիք են Ամազոնի անտառների անհետացումը և օվկիանոսային կարևորագույն հոսանքների դադարումը։
2024 թվականին բացարձակ արտանետումները կտրուկ աճել են՝ հասնելով ռեկորդային 53,2 գիգատոննա CO2-ի համարժեքի։ Դրանց երկու երրորդը բաժին է ընկնում ութ տնտեսությունների՝ Չինաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Հնդկաստանին, Ռուսաստանին, Ինդոնեզիային, Բրազիլիային և Ճապոնիային։ Այս խոշոր աղտոտողներից միայն ԵՄ-ն և Ճապոնիան են կրճատել իրենց տարեկան արտանետումները 2023 թվականի համեմատ։
Ըստ ընթացիկ կանխատեսումների՝ մինչև 2100 թվականը գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա 2,3-2,5 °C-ով։ Սա փոքր-ինչ ավելի լավ ցուցանիշ է, քան նախորդ տարվա 2,6-2,8 °C կանխատեսումը։ Տասը տարի առաջ կանխատեսվում էր մինչև 3,5 °C աճ։
Մաքուր էներգիայի ոլորտում ներդրումներն այժմ կրկնակի գերազանցում են հանածո վառելիքի ոլորտի ներդրումներին։ Փարիզյան համաձայնագրի ստորագրումից ի վեր վերականգնվող աղբյուրներից ստացվող համաշխարհային էներգիայի մասնաբաժինը եռապատկվել է՝ հասնելով համաշխարհային էլեկտրաէներգիայի 40%-ին։
Վերջին տասնամյակում վաճառվող մեքենաների ընդհանուր ծավալում էլեկտրամոբիլների մասնաբաժինը 1%-ից հասել է գրեթե 25%-ի։ Աշխարհը ժամկետից շուտ կհասնի 2030 թվականի համար սահմանված նպատակին՝ 100 միլիոն էլեկտրամոբիլ ճանապարհներին։
Փորձագետները, սակայն, նախազգուշացնում են, որ ընթացիկ միջոցառումները դեռևս չափազանց հեռու են նախանշված նպատակներից։ Նույնիսկ 2,6 °C-ով տաքացման սցենարը կհանգեցնի տարեկան լրացուցիչ 57 մահացու շոգ օրերի՝ այսօրվա մակարդակի համեմատ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել