«Թրամփի ուղին» կխթանի Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունը․ Պապոյան
24 ՍԵՊ 2025 10:58

«Թրամփի ուղին» կխթանի Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունը․ Պապոյան
24 ՍԵՊ 2025 10:58
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է սեպտեմբերի «Banking Forum 2025» ամենամյա համաժողովի բացմանը և ֆորումի շրջանակում կազմակերպված «Հայաստանի նոր իրականությունը որպես տնտեսական շոկ» պանելային քննարկմանը։
Բանախոսներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության ներկայիս իրավիճակին՝ գլոբալ և տարածաշրջանային փոփոխությունների ազդեցության համատեքստում։ Քննարկվել են տնտեսական մարտահրավերները, ինչպես նաև առաջացած ռիսկերն ու հնարավորությունները։
Քննարկման ընթացքում Գևորգ Պապոյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ցուցանիշներին, զարգացման հեռանկարներին և պետական օժանդակության այն գործիքներին, որոնք ուղղված են ոլորտի դինամիկ աճի ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը։
«Մեր քաղաքականությունը հիմնված է արտադրողականության աճ ապահովելու, մրցունակ, տեխնոլոգիապես առաջատար արդյունաբերության զարգացման, շարունակաբար գործարար միջավայրի բարելավման, տնտեսության զարգացման գործում ներդրումների դերի հստակ բարձրացման, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ արդյունավետության, ինտենսիվության բաղադրիչի շարունակական ավելացման, արտահանման խթանման և դիվերսիֆիկացիայի վրա», - նշել է նախարարը։
Անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը և հաղորդակցության նոր ուղիներին՝ նախարարը նշել է, որ այդ ծրագրերի իրականացման արդյունքում ստեղծվելու է 2 էֆեկտ՝ անվտանգություն և տնտեսական հեռանկարներ, Հայաստանը կկարողանա ոչ միայն բազմաթիվ ապրանքներ արտահանել և ներմուծել, այլ նաև էականորեն նվազեցնել կախվածությունը որոշ շուկաներից։
Քննարկման մյուս մասնակիցներն էին՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, «Team Telecom Armenia»-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Հայկ Եսայանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը։
Մասնակիցների թվում են Հայաստանի և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Լեհաստանից, Հունաստանից և Վրաստանից։
Բանկային ֆորումը կազմակերպվել է Հայաստանի բանկերի միության կողմից Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկերի Ասոցիացիայի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել