Սուրեն Պապիկյանը՝ բարեփոխումների, բյուջեի և «օգոստոսի 8-ի» մասին
3 ՆՈՅ 2025 13:36

Սուրեն Պապիկյանը՝ բարեփոխումների, բյուջեի և «օգոստոսի 8-ի» մասին
3 ՆՈՅ 2025 13:36
Հայաստանը շարունակելու է պաշտպանության ոլորտի հիմնարար բարեփոխումները՝ իր կարիքներին համապատասխան, որոնք ներառում են նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր գնումները։ Միևնույն ժամանակ, պաշտպանական ռազմավարությունը կձևավորվի՝ հաշվի առնելով նոր ռազմաքաղաքական իրողությունները, իսկ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը զարգանում է դրական դինամիկայով։ Այս թեմաների շուրջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Անդրադառնալով 2026 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանական ոլորտի ծախսերի թվացյալ նվազեցմանը, նախարարը պարզաբանել է, որ այն կրճատված է թվում միայն 2025 թվականի բացառիկ բարձր ցուցանիշի համեմատությամբ։ Նրա խոսքով՝ 2025-ին տեղի է ունեցել ծախսերի չափաքանակի միանգամից կտրուկ աճ, ինչը պայմանավորված է եղել «առաջ բերված ծախսերով»։
«2026թ բյուջեն, եթե համեմատենք նախորդ տարիների բյուջեի ավելացման միտումի հետ, որևէ խախտում չունի՝ բացառությամբ այն տարբերությանը, որը տեղի է ունեցել 2025-ին։ Եթե 2026-ը համեմատենք 2024-ի հետ, բնական զարգացման տեմպ է», - մանրամասնել է Պապիկյանը՝ ընդգծելով, որ իրավիճակում որևէ տարօրինակ կամ արտասովոր բան չկա։
Չնայած ֆինանսական պլանավորման այս առանձնահատկություններին, նախարարը վերահաստատել է, որ բանակի արդիականացման և վերազինման գործընթացը մնում է կառավարության առաջնահերթությունը։ Սակայն, նա հստակ ակնարկել է, որ պաշտպանական քաղաքականության վրա ազդում են նոր իրողությունները՝ առանձնացնելով «օգոստոսի 8-ը»։
«Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները։ Բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է, և այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ։ Բնականաբար, դա պետք է ունենա իր հետևանքները», - ասել է նախարարը՝ փաստացիորեն նշելով, որ Հայաստանի պաշտպանական ռազմավարությունը այսուհետ կձևավորվի՝ հաշվի առնելով այս նոր իրականությունը։
Պաշտպանական ոլորտում միջազգային համագործակցության համատեքստում Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Ի պատասխան հարցին, թե արդյոք կան կոնկրետ պայմանավորվածություններ զենքի կամ զինամթերքի ձեռքբերման վերաբերյալ, նախարարը խուսափել է մանրամասներ հայտնելուց։ Սակայն, նա դրական է գնահատել երկու երկրների միջև առկա դինամիկան։ «Բավականին դրական դինամիկա կա մեր համագործակցության զարգացման ուղղությամբ», - նշել է Պապիկյանը՝ վկայելով Հայաստանի կողմից անվտանգային գործընկերների շրջանակի դիվերսիֆիկացման շարունակական քաղաքականության մասին։
Միաժամանակ, Պապիկյանը չի հաստատել լուրերը, թե ՀՀ-ն Հնդկաստանից կործանիչների խմբաքանակ է գնում։ Պաշտպանության նախարարը նշել է, որ նման պայմանավորվածություն չկա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել