Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա երկու շաբաթից. Վիկտոր Օրբան
17 ՀՈԿ 2025 07:11

Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա երկու շաբաթից. Վիկտոր Օրբան
17 ՀՈԿ 2025 07:11
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ նշելով, որ երկու առաջնորդների այցերը նախապատրաստելու համար Բուդապեշտում արդեն ստեղծվել է կազմակերպչական կոմիտե։
Մանրամասնելով ժամկետները՝ Օրբանը նշել է. «Ռուբիոն և Լավրովը կփորձեն լուծել մնացած հարցերը մեկ շաբաթվա ընթացքում, իսկ հետո՝ մեկ շաբաթ անց, նրանք կկարողանան գալ այստեղ՝ Բուդապեշտ»։
Այս հայտարարությունը հաջորդում է Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ակտիվ դիվանագիտական ջանքերին։ Հոկտեմբերի 16-ին արտգործնախարար Պետեր Սիյարտոն հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուի հետ՝ քննարկելու հենց այս գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Նման բարձր մակարդակի հանդիպման հեռանկարը լայն քննարկումների տեղիք է տվել միջազգային հանրության շրջանում։ Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը, անդրադառնալով հնարավոր զարգացումներին, գրում է, որ «Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը ցավոտ հարված կլինի ԵՄ-ի համար և կամրապնդի Օրբանի ազդեցությունը համայնքի ներսում»։
Վերլուծաբանների կարծիքով՝ Բուդապեշտում նման գագաթնաժողովի անցկացումը կարող է ընկալվել որպես Վիկտոր Օրբանի դիվանագիտական հաղթանակ, որը նրան կդիրքավորի որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև երկխոսության կարևոր միջնորդ՝ դրանով իսկ փոխելով ուժերի հարաբերակցությունը Եվրամիության ներսում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել