Օդի աղտոտվածությունը խնդիր է ոչ միայն Երևանում
11 ՀՈԿ 2025 07:42

Օդի աղտոտվածությունը խնդիր է ոչ միայն Երևանում
11 ՀՈԿ 2025 07:42
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Հայաստանի մի շարք քաղաքներում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակության վերաբերյալ տվյալներ։ Ուսումնասիրության արդյունքները մտահոգիչ են, քանի որ մի քանի խոշոր բնակավայրերում գրանցվել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում։
Ըստ կենտրոնի ներկայացրած տվյալների՝ օդի աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր քաղաքում։ Մասնավորապես, «Վարդանանց փողոցի հարակից տարածքում» փոշու պարունակությունը նորման գերազանցել է միանգամից երեք օր՝ սեպտեմբերի 28-ին, 30-ին և հոկտեմբերի 2-ին։ Քաղաքի այլ հատվածներում ևս իրավիճակը բարվոք չի եղել. սեպտեմբերի 28-ին գերազանցումներ են արձանագրվել ինչպես «Ծատուրյան փողոցի հարակից տարածքում», այնպես էլ «Հերացի փողոցի հարակից տարածքում»։
Օդի որակի հետ կապված խնդիրներ են արձանագրվել նաև Հրազդան քաղաքում, որտեղ փոշու պարունակությունը սահմանված նորման գերազանցել է սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին։ Արարատում ևս նույն խնդիրն է արձանագրվել սեպտեմբերի 29-ին և 30-ին։
Ի հակադրություն այս քաղաքների, Գյումրիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մնացել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի շրջանակներում՝ նշված ժամանակահատվածում չգերազանցելով այն։
Այս տվյալները հիմնավոր ժխտում են կարծրատիպը, թե ՀՀ տարածքում օդի աղտոտվածության խնդիր ունի միայն մայրաքաղաք Երևանը և հաստատում պնդումը, որ բնապահպանական խնդիրները շատ ավելի լայն աշխարհագրություն ունեն։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել