Նյու Դելիում ահաբեկչություն է տեղի ունեցել
11 ՆՈՅ 2025 08:08

Նյու Դելիում ահաբեկչություն է տեղի ունեցել
11 ՆՈՅ 2025 08:08
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի կենտրոնում նոյեմբերի 10-ին որոտացած հզոր պայթյունը, որը խուճապի է մատնել բնակիչներին, հետաքննվում է որպես ահաբեկչական գործողություն։ Իրավապահ մարմինները պարզել են, որ պայթեցված Hyundai i20 մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է մահապարտ ահաբեկիչ։
Ըստ նախնական տվյալների՝ մահապարտը բժիշկ Ումար Մոհամմադն է, որը, ենթադրաբար, Հարյանա նահանգում գործող ահաբեկչական խմբավորման անդամ էր։ Հետաքննությունը պարզել է, որ որպես պայթուցիկ նյութ օգտագործվել է ամոնիակային սելիտրայի և վառելիքի խառնուրդ (ANFO)։ Հատկանշական է, որ մինչև պայթյունն իրականացնելը, մեքենան շուրջ երեք ժամ կայանված է եղել, և այդ ամբողջ ընթացքում Մոհամմադը սրահից դուրս չի եկել։ Ինչպես հայտնում է NDTV հեռուստաալիքը, կա վարկած, որ նա սպասել է հետագա հրահանգների։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի շրջանակում։ Հարյանա նահանգի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ իրավապահները ձերբակալել են պայթեցված ավտոմեքենայի երկու նախկին սեփականատերերին՝ պարզելու նրանց հնարավոր առնչությունը կատարվածին։
Հետաքննությունը նաև ուսումնասիրում է այս ահաբեկչության և հարևան նահանգում վերջերս հայտնաբերված 2900 կգ պայթուցիկ նյութերի միջև հնարավոր կապը։ Իրավապահները չեն բացառում, որ երկու դեպքերը կարող են լինել նույն ահաբեկչական ցանցի գործունեության արդյունք։
Համացանցում տարածված տեսանյութերում հստակ երևում է պայթյունի պահը․ լսվում է ուժգին ձայն, որից հետո մարդիկ խուճապահար փախչում են տարբեր ուղղություններով։ Այս դեպքը լուրջ մտահոգություններ է առաջացրել Հնդկաստանում անվտանգության մակարդակի վերաբերյալ՝ ստիպելով ուժային կառույցներին վերանայել հակաահաբեկչական միջոցառումները մայրաքաղաքում և այլ խոշոր քաղաքներում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար