Նիգերիա. 25 աշակերտուհու առևանգում դպրոցից
Նիգերիայում 25 աշակերտուհու են առևանգել
18 ՆՈՅ 2025 07:49
Նիգերիայում 25 աշակերտուհու են առևանգել

Նիգերիայում 25 աշակերտուհու են առևանգել

18 ՆՈՅ 2025 07:49
Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կեբբի նահանգում զինված հանցագործների խումբը ներխուժել է Մագա բնակավայրի գիշերօթիկ դպրոց, դաժանաբար սպանել ուսուցչին ու պահակին և առևանգել 25 աշակերտուհու։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը չորսի սահմաններում։
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործները դպրոցի տարածք են հասել մոտոցիկլետներով։ Նրանք նախ ներխուժել են ուսուցչի տուն և գնդակահարել նրան, այնուհետև սպանել են դպրոցի պահակին, որից հետո ներխուժել աղջիկների ննջասենյակներ և առևանգել նրանց։
Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Կոտարկոսիի խոսքով՝ հարձակվողները զինված են եղել ժամանակակից զենքերով և փոխհրաձգության մեջ են մտել անվտանգության աշխատակիցների հետ։ Ներկայումս հատուկ ստորաբաժանումները ստուգում են հանցագործների նահանջի ենթադրյալ երթուղիներն ու հարակից անտառները՝ փորձելով գտնել առևանգիչներին և ազատել աղջիկներին։ Բնակիչները հայտնում են առնվազն երկու զոհի մասին։
«Մեզ ասացին, որ նրանք բազմաթիվ մոտոցիկլետներով են եկել։ Սկզբում նրանք ուղիղ գնացել են ուսուցչի տուն և սպանել նրան, որից հետո գնդակահարել են պահակին», - պատմել է տեղի բնակիչ Աբդուլքարիմ Մագան։
Առայժմ ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը։ Նիգերիայում գործում են բազմաթիվ զինված ավազակախմբեր, որոնք զբաղվում են մարդկանց առևանգմամբ՝ փրկագին ստանալու նպատակով։ Այս երևույթը հատկապես սրվել է 2014 թվականից հետո, երբ «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները Չիբոկ քաղաքում առևանգեցին 276 աշակերտուհու։ Այդ ողբերգական դեպքից ի վեր երկրում առևանգվել է առնվազն 1500 աշակերտ, ինչը լրջագույն մարտահրավեր է դարձել երկրի անվտանգության և կրթական համակարգի համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար