ՆԱՏՕ-ն դիտարկում է ՌԴ-ին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը
1 ԴԵԿ 2025 06:31

ՆԱՏՕ-ն դիտարկում է ՌԴ-ին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը
1 ԴԵԿ 2025 06:31
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ներսում հասունանում են ռազմավարական լուրջ փոփոխություններ։ Կառույցն այժմ ակտիվորեն ուսումնասիրում է Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիվ քայլերին հակազդելու նոր տարբերակներ, որոնց թվում առանցքային տեղ է զբաղեցնում կանխարգելիչ հարվածների հնարավորությունը։ Այս մասին Financial Times-ին հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։
Ծովակալի խոսքով՝ դաշինքը մտադիր է անցում կատարել առավել նախաձեռնողական (պրոակտիվ) քաղաքականության։ Սա ենթադրում է հրաժարում զուտ արձագանքողի դիրքորոշումից. փոխարենը դիտարկվում է իրադարձություններից առաջ ընկնելու և կանխարգելիչ գործողություններ իրականացնելու տարբերակը։ Դրագոնեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն նախատեսում է նման հարվածները ձևակերպել և ներկայացնել որպես պաշտպանական անհրաժեշտ միջոցառումներ։
Այնուամենայնիվ, այս ծրագրերի իրագործման ճանապարհին առկա են լուրջ խոչընդոտներ, ինչը չի թաքցնում նաև ռազմական պաշտոնյան։ Դրագոնեն խոստովանել է, որ նման մոտեցումը դուրս է ՆԱՏՕ-ի ավանդական պրակտիկայի և գործելաոճի շրջանակներից։ Խնդիրները հիմնականում իրավական բնույթի են, ինչը բարդացնում է որոշումների կայացումը։ Բացի այդ, դեռևս հստակ չէ մեխանիզմը՝ մասնավորապես, թե դաշինքի կազմում կոնկրետ ո՛ր մարմինը կամ ստորաբաժանումն է լիազորված լինելու իրականացնել նմանատիպ գործողություններ։
Արևմտյան ռազմական բլոկի այս հայտարարություններին կոշտ արձագանք է տվել ռուսական կողմը։
Բելգիայում Ռուսաստանի դեսպան Դենիս Գոնչարը պնդել է, որ ՆԱՏՕ-ն փաստացի սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի դեմ «մեծ պատերազմի»։ Ըստ դիվանագետի՝ դաշինքն այդ նպատակով վախեցնում է սեփական բնակչությանը Կրեմլի «գոյություն չունեցող ծրագրերով», թե իբր Մոսկվան պատրաստվում է հարձակվել դաշինքի անդամ երկրների վրա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար