Մայր Աթոռը դատապարտեց խուզարկությունները
Գրանցվել
Գրանցվել
Մայր Աթոռը դատապարտել է Արագածոտնի թեմում իրականացված խուզարկությունները
15 ՀՈԿ 2025 15:04
Մայր Աթոռը դատապարտել է Արագածոտնի թեմում իրականացված խուզարկությունները

Մայր Աթոռը դատապարտել է Արագածոտնի թեմում իրականացված խուզարկությունները

15 ՀՈԿ 2025 15:04
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել խիստ դատապարտող հայտարարությամբ՝ Արագածոտնի թեմում իրավապահների կողմից իրականացված խուզարկությունների և հոգևորականների զանգվածային բերման ենթարկելու կապակցությամբ։ Հայտարարության մեջ այս գործողությունները որակվում են որպես «իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի» հերթական դրսևորում։
Ըստ Մայր Աթոռի, հոկտեմբերի 15-ի լուսադեմին իրավապահները, հիմք ընդունելով Հովհաննավանքի սպասավոր Տ․ Արամ քահանա Ասատրյանի «հրապարակած ստահոդ տեղեկությունները» և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդումը, խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի այլ քահանաների ու աշխատակիցների բնակարաններում։
Հայտարարության մեջ նշվում է, որ այս պահի դրությամբ բերման են ենթարկվել ոչ միայն թեմի առաջնորդը, այլև թեմի 12 քահանաներ՝ Փառեն քահանա Առաքելյանը, Հայկ քհն․ Քոչարյանը, Մկրտիչ քհն․ Երանյանը, Մանուկ քհն․ Զեյնալյանը, Ղևոնդ քհն․ Գափոյանը, Հայկ քհն․ Սահակյանը, Սարգիս քհն․ Սարգսյանը, Գարեգին քհն․ Արսենյանը, Նարեկ քհն․ Սարգսյանը, Օշին քհն․ Հայրապետյանը, Վրթանես քհն․ Բաղալյանը, Համբարձում քհն․ Դանիելյանը, ինչպես նաև թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։
Մայր Աթոռը մատնանշում է իրավական նորմերի կոպտագույն խախտումներ։ «Օրենքի կոպտագույն ոտնահարմամբ ժամեր շարունակ ծածուկ է պահվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպսկ․ Պռոշյանի և մյուսների պահման վայրը, և նրանք զրկված են եղել իրավական աջակցություն ստանալու որևէ հնարավորությունից»։
Մայր Աթոռը այս գործողությունները որակում է որպես դատապարտելի և չարամիտ՝ նպատակ ունենալով «խափանելու Եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու Եկեղեցու հեղինակությանը և վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգևորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում»։ Նշվում է, որ այս գործողությունների պատճառով արդեն իսկ խոչընդոտվել է թեմի գործունեությունն ու ծիսական կյանքը։
Հայտարարության մեջ իշխանություններին մեղադրանք է ներկայացվում «ամբողջատիրական համակարգերին բնորոշ բռնաճնշումներ» կիրառելու, կրոնական ազատության իրավունքը ոտնահարելու և հանրային պառակտումը խորացնելու մեջ։
Իր խոսքն ամփոփելով՝ Մայր Աթոռը հոգևորականներին և հավատացյալներին կոչ է անում «չտրվել սադրանքներին, ամուր մնալ Եկեղեցու պաշտպանության դիրքերում»՝ վստահեցնելով, որ «խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել