Մայր Աթոռը դատապարտում է վարչապետի աջակցությամբ միջոցառումը
Գրանցվել
Գրանցվել
Մայր Աթոռը դատապարտում է Հովհաննավանքում նախատեսվող միջոցառումը
24 ՀՈԿ 2025 11:15
Մայր Աթոռը դատապարտում է Հովհաննավանքում նախատեսվող միջոցառումը

Մայր Աթոռը դատապարտում է Հովհաննավանքում նախատեսվող միջոցառումը

24 ՀՈԿ 2025 11:15
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել՝ հոկտեմբերի 26-ին, Հովհաննավանքում նախատեսվող միջոցառման առթիվ։ Հիշեցնելով, որ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Արամ քհն․ Ասատրյանը, կարգալույծ է հռչակվել` կոչվելով ի դասս աշխարհականաց Ստեփան Ասատրյան ավազանի անվամբ, Մայր Աթոռից ընդգծում են, որ նա իրավունք չունի եկեղեցական ծեսեր անցկացնել։
«Ստեփան Ասատրյանը, անտեսելով Մայր Աթոռի օրինական պահանջները, հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել Հովհաննավանքի տարածքը։ Ցավում ենք, որ Արամ քահանայի կարգազանց ընթացքի հետևանքով Մայր Աթոռի կողմից ձեռնարկված կաապահական միջոցառումները և կայացված կարգալուծության որոշումը անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։
Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Ս․ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։Եկեղեցիները, վանքերը և այլ սրբավայրերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգությունն են, և անկախ այդ պատմա-մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից, կրոնական ծեսեր կատարելու և պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Կարևորությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը՝ հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց»,- գրել են Մայր Աթոռից՝ իրավապահ մարմիններին հորդորելով կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել