Մոսկվայում կայանալու է ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստը
5 ՆՈՅ 2025 08:08

Մոսկվայում կայանալու է ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստը
5 ՆՈՅ 2025 08:08
Նոյեմբերի 5-ին Մոսկվայում մեկնարկում է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստը, որը կնախագահի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նիստի օրակարգում առանցքային են լինելու ԱՊՀ-ին սպառնացող վտանգները, դրանց արձագանքման միջոցառումները և Արևմուտքի «գաղափարախոսական էքսպանսիային» հակազդելու հարցերը։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից, նիստում նախատեսվում է քննարկել «ԱՊՀ-ում անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև համատեղ արձագանքման հնարավոր միջոցառումները»։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հավելել է, որ քննարկվելու են նաև հումանիտար համագործակցության հարցեր։
Նիստի շրջանակում Սերգեյ Շոյգուն նախատեսում է նաև առանձին երկկողմ հանդիպումներ ունենալ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի իր պաշտոնակիցների հետ։
Անդրադառնալով հանդիպման ձևաչափին՝ Շոյգուն ընդգծել է, որ այն «վստահության վրա հիմնված հաղորդակցության իսկապես եզակի ձևաչափ է, որը թույլ է տալիս ոչ միայն բաց և կառուցողականորեն քննարկել ամենաբարդ անվտանգության հարցերը, այլև համատեղ մշակել լուծումներ՝ երկրներն ու ժողովուրդներին արտաքին և ներքին սպառնալիքներից պաշտպանելու համար՝ հիմնվելով ավանդական ընդհանուր արժեքների ամուր հիմքի վրա»։
Նախքան աշխատանքային քննարկումները, Անվտանգության խորհրդի քարտուղարները Ալեքսանդրյան այգում ծաղիկներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանի հավերժական կրակի մոտ՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների։
Հիշեցնենք, որ ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը կդառնա հոկտեմբերի 31-ից Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդներ» միջազգային փառատոնի եզրափակիչ միջոցառումը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել