Լավրովը գովում է Թրամփի Գազայի գործարքը, Մեդվեդևը սպառնում է Ուկրաինայի հարցով
13 ՀՈԿ 2025 09:17

Լավրովը գովում է Թրամփի Գազայի գործարքը, Մեդվեդևը սպառնում է Ուկրաինայի հարցով
13 ՀՈԿ 2025 09:17
Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում արձանագրում է դիվանագիտական հաջողություններ, Մոսկվայից հնչում են նրա գործողությունների վերաբերյալ խիստ հակասական գնահատականներ։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության երկու առանցքային դեմքերը՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հանդես են եկել հայտարարություններով, որոնք ցույց են տալիս Կրեմլի երկակի մոտեցումը Վաշինգտոնի նկատմամբ՝ մի կողմից զգուշավոր գովեստ Գազայի հարցում, մյուս կողմից՝ ուղիղ սպառնալիք՝ կապված Ուկրաինայի հետ։
Առավել կոշտ է արձագանքել Դմիտրի Մեդվեդևը՝ անդրադառնալով Թրամփի հնարավոր մտադրությանը՝ Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։ Նա այս քայլը որակել է որպես սպառնալիք, որը կարող է «վատ ավարտ ունենալ բոլորի համար, և ամենից շատ՝ հենց Թրամփի համար»։ Մեդվեդևը պարզաբանել է, որ ռուսական կողմի համար թռիչքի ընթացքում անհնար է տարբերակել «Թոմահավկ»-ի սովորական և միջուկային մարտագլխիկով տարբերակները։ Հետևաբար, ցանկացած նման հրթիռի արձակում կարող է ընկալվել որպես միջուկային հարձակում, ինչը կհանգեցնի համապատասխան պատասխանի։ «Այդ հրթիռների արձակումն իրականացնելու է ոչ թե բանդերական Կիևը, այլ հենց ԱՄՆ-ն։ Այսինքն՝ Թրամփը։ Իսկ ինչպե՞ս պետք է պատասխանի Ռուսաստանը։ Ահա թե ինչ»,— գրել է նա՝ հույս հայտնելով, որ սա ընդամենը «դատարկ սպառնալիք է, որը պայմանավորված է ծաղրածուի (նկատի ունի Զելենսկուն) հետ երկարատև բանակցություններով»։
Բոլորովին այլ տոնայնությամբ է խոսել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Գազայի հակամարտության կարգավորմանը։ Նա Թրամփի առաջարկած տարբերակը համարել է «լավագույնը» առկա պայմաններում։ Միևնույն ժամանակ, Լավրովը ընդգծել է, որ այս համաձայնագիրը չի լուծում պաղեստինյան հարցի հիմնախնդիրը։ Չնայած այս վերապահմանը, ռուսական դիվանագիտության ղեկավարը դրական է գնահատել գործընթացը՝ հավելելով, որ Ռուսաստանը «անկեղծորեն ցանկանում է, որ Շարմ էլ Շեյխի՝ Գազայի հարցով գագաթնաժողովը հաջողությամբ պսակվի»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել